Զոհրաբ Մնացականյանը տեսակոնֆերանս է անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Ապրիլի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը տեսակոնֆերանս է անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այս մասի հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: ԱԳ նախարար Մնացականյանն անդրադարձ է կատարել Արցախում անցկացված համապետական ընտրություններին։
«Կողմերն ընդգծեցին նոր տիպի կորոնավիրուսի դեմ գլոբալ պայքարի համատեքստում հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման հրամայականը։
Կարծիքներ փոխանակվեցին ստեղծված պայմաններում աշխատանքների շարունակականության ապահովման քայլերի ուղղությամբ: Այս համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել ապրիլի 21-ին անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-