Рейтинг@Mail.ru
USD
395.72
EUR
412.42
RUB
4.3881
GEL
140.83
2025 թ. փետրվարի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Ապրիլի 24–ին, քաղաքացիները SMS ուղարկելով, կհաստատեն իրենց մասնակցությունը օրվա խորհրդին, նրանց անունները կարտացոլվեն Ծիծեռնակաբերդի սյուներին

22.04.2020, 13:37
Ապրիլի 24–ին, քաղաքացիները SMS ուղարկելով, կհաստատեն իրենց մասնակցությունը օրվա խորհրդին, նրանց անունները կարտացոլվեն Ծիծեռնակաբերդի սյուներին
Ապրիլի 24–ին, քաղաքացիները SMS ուղարկելով, կհաստատեն իրենց մասնակցությունը օրվա խորհրդին, նրանց անունները կարտացոլվեն Ծիծեռնակաբերդի սյուներին

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի./ԱՌԿԱ/. Ապրիլի 24-ին հայ ժողովուրդը և ամբողջ առաջադեմ մարդկությունը ոգեկոչելու է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Տասնամյակներ շարունակ հազարավոր մարդիկ՝ Հայաստանից, Արցախից, Սփյուռքից, օտարերկրյա հյուրեր այդ օրն այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Բոլորիս համար արարողությունը հիշատակի, պահանջի ու վերածննդի նշանակություն ու խորհուրդ ունի, գրել է ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ժամանակ պարետատան պարետ Տիգրան Ավինյանը Facebook–յան իր էջում:

«2020թ․ ապրիլյան այս օրերին մենք պայքարում ենք համաշխարհային նոր մարտահրավերի՝ կորոնավիրուսի դեմ, որը հաղթահարելու և մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար կիրառվող առողջապահական սահմանափակումները ստիպում են մեզ նոր միջոց գտնել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար», – նշել է փոխվարչապետը։ 

Նա նշել է, որ այս տարի մնում ենք տանը և չենք այցելում Հայոց ցեղասպանության հուշահամալիր, բայց մեր խորհրդանշական ներկայությունը ապահովելու համար կատարում ենք հետևյալ քայլերը: 

Ապրիլի 23-ին, ժամը՝ 21:00, եկեղացական զանգերի ղողանջի ներքո մարում են Երևանի և մարզերի հրապարակների, փողոցների լույսերը: 

«Կոչ եմ անում մարել նաև Ձեր բնակարանների լույսերը ու պատուհանի մոտ միացնել հեռախոսների լապտերների լույսը: Այս գործողությունն իր խորհրդանշական արձագանքը կստանա Ծիծեռնակաբերդից, որին կարող եք հետևել Հանրայինի ուղիղ եթերով կամ հայացքները սևռելով դեպի հուշահամալիր: Ապրիլի 24-ին մեր բոլորի անունից կառավարությունը 105 հազար ծաղիկ կխոնարհի հուշահամալիրի անմար կրակի մոտ: Նույն օրը ժամը 08:00-ից սկսած, քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին Հայաստանից, և 0037433191500 համարին արտասահմանից՝ հաստատելու իրենց հեռակա մասնակցությունը օրվա խորհրդին: Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին», – նշել է Ավինյանը:

Նա նաև հայտնել է, որ մինչև ապրիլի 25-ը ժամը 23:59-ը ներառյալ անվտանգության և կազմակերպչական նկատառումներից ելնելով Ոստիկանությունը փակելու է դեպի Ծիծեռնակաբերդ մուտքը: 

«Շնորհակալություն ձեր աջակցության, կարգապահության և պատասխանատվության համար», – եզրափակել է փոխվարչապետը:–0–