Ավանեսյանը նշել է աշխատողների կողմից 2 շաբաթը մեկ COVID-19–ի թեստ հանձնելու պահանջի պատճառները

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը թվարկել է մի շարք ոլորտներում աշխատողների ՝ երկու շաբաթը մեկ ՊՇՌ թեստ հանձնելու պահանջի պատճառները:
Ըստ նախարարի, սա խիստ սահմանափակում չէ, քանի որ տարբեր երկրներ մի շարք այլ գործիքակազմ ևս օգտագործում են։
«Մենք որդեգրել էինք հետևյալ քաղաքականությունը. նախ քաղաքացիներին տեղեկատվության, հանրային լայն արշավների միջոցով բարձրացնել պատվաստումների նկատմամբ մեր վստահությունը, և պետք է ասեմ, որ դա մեզ հաջողվեց։ Եթե մարտին միայն 10% էր պատրաստ պատվաստվելու, այսօրվա հարցումները ցույց են տալիս, որ բնակչության 40%-ը պատրաստ է պատվաստվել, իսկ սա բավականին լավ ցուցանիշ է, եթե մենք հաշվի առնենք ինչպիսի հակաքարոզչություն, ինչպիսի ապատեղեկատվական արշավներ կային»,-ասաց Ավանեսյանը։
Նախարարի խոսքով՝ պետք է դիմեն նաև այլ գործիքների` հնարավորինս արագ կերպով պատվաստումները խթանելու, նաև ինչ–որ կերպ հավաստիանալու համար, որ երբ քաղաքացին ներկայանում է աշխատանքի առողջ է և վտանգ չի ներկայցնում իր շրջապատի համար:
«Ուստի օգտվում ենք նման սահամանափակումներից, և հոկտեմբերի 1-ից գործատուները պետք է պահանջեն աշխատակիցներից 14 օրը մեկ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, իհարկե, բացառությամբ այն քաղաքացիների, ովքեր պատվաստվել են»,-նշեց նախարարը:
Նա ընդգծեց, որ սահմանափակումը վերաբերում է բոլոր ոլորտներում աշխատողներին: Քանի որ պատվաստման գործընթացը համընկավ ուսումնական տարվա մեկնարկի հետ, կարծես ավելի շատ ուսուցիչների, դասախոսների վրա շեշտադրումն արվեց, բայց սահմանափակումը միայն նրանց չի վերաբերում:
«Մենք ունենք շատ ռիսկային խմբեր ևս: Հանրային սննդի, տրանսպորտի և այլ ոլորտներ: Ուստի մեր քաղաքականությունն ուղղված է պաշտպանելու մարդկանց առողջությունը և այս կերպ հնարավոր դարձնելու տնտեսական աշխուժությունը»,-ասաց առողջապահության նախարարը:–0–