Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 13, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

Հայաստանում 43–44 հազար նորածնին 6,5–7 հազար հղիության արհեստական ընդհատում է բաժին հասնում. ՀՀ առողջապահության նախարարություն

26.09.2013, 16:02
Հայաստանում ամեն տարի հղիության արհեստական ընդհատումների թիվը կազմում է 6,5–7 հազար` 43–44 հազար նորածնի հաշվով, հինգշաբթի լրագրողներին տեղեկացրել է ՀՀ ԱՆ Մոր և մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Ավագյանը։
Հայաստանում 43–44 հազար նորածնին 6,5–7 հազար հղիության արհեստական ընդհատում է բաժին հասնում. ՀՀ առողջապահության նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ամեն տարի հղիության արհեստական ընդհատումների թիվը կազմում է 6,5–7 հազար` 43–44 հազար նորածնի հաշվով, հինգշաբթի լրագրողներին տեղեկացրել է ՀՀ ԱՆ Մոր և մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Ավագյանը։

Միաժամանակ նրա խոսքերով`Հայաստանում դրական դինամիկա է նկատում, և հայ կանայք տարեցտարի ավելի լուրջ են վերաբերվում այս հարցին ` անցանկալի հղիության կանխման միջոցներ ձեռնարկելով, այլ ոչ թե դադարեցնելով այն։ Մասնագետի խոսքերով` այս մասին վկայում են 2000, 2005 և 2010 թթ.–ին անցկացված ժողովրդագրական ուսումնասիրությունները, որոնց շրջանակներում հարցվել է Հայաստանի տարածքում բնակվող 15–49 տարեկան շուրջ 5000 աղջիկ և կին։

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2000 թ.–ին միայն հղիությունների 38 տոկոսն է ավարտվել ծննդաբերությամբ, 2005 թ.–ին` 45 տոկոսը, իսկ 2010 թ.–ին` արդեն 63 տոկոսը։ Սա վերարտադրողական վարքի նոր դրսևորում է և այս ոլորտում ձևավորված նոր կուլտուրա», – ասել է նա։

Խոսելով հղիության արհեստական ընդհատման նկատմամբ ծնելիության հարաբերակցության համաշխարհային ցուցանիշների մասին` Ավագյանը նշել է, որ այդ ցուցանիշն աշխարհում կազմում է 1:1, իսկ Հայաստանում` 5:1 կամ շուրջ 13–14 տոկոս։

Նա նաև տեղեկացրել է, որ հայ կանանց շրջանում վերարտադրողականության գագաթնակետը 20–25 տարեկանն է, իսկ հղիության արհեստական ընդհատման գագաթնակետը` 25–29 տարեկանը, ինչը վկայում է այն մասին, որ Հայաստանի կանայք դիմում եմ արհեստական ընդհատման հիմնականում այն ժամանակ, երբ արդեն ունեն երեխաներ։

Հղիության արհեստական ընդհատման հիմնական պատճառը, նրա խոսքերով, երեխաների բավարար քանակության առկայությունն է (հարցված կանանց 38 տոկոսը), հարցվածների 19 տոկոսը նշել է, որ ցանկանում են հետաձգել երեխաների ծնունդը անբավարար սոցիալական պայմանների պատճառով, 11 տոկոսն արհեստական ընդհատումը պայմանավորում է առողջական վիճակով։

Խոսելով հղիության ընդհատման ժամանակակից մեթոդների մասին` Ավագյանը նշել է, որ կնոջ առողջության համար առավել անվտանգը դեղորայքային ընդհատումն է, սակայն այն պետք է իրականացվի բժիշկների վերահսկողության տակ։ Նրա խոսքերով` հղիության ընդհատման վիրաբուժական մեթոդի ռիսկը ևս բավականին ցածր է, եթե այն անցկացնում է որակավորված մասնագետը ստերիլ պայմաններում։

Միաժամանակ նա ցավով նշել է, որ հայ կանայք հաճախ ինքնուրույն են անցկացնում հղիության դեղորայքային ընդհատումը դեղատներում առանց դեղատոմսի վաճառվող դեղորայքի օգնությամբ։ «Հաճախ ընդհատումը կարող է ուղեկցվել արյունահոսությամբ, բորբոքային պրոցեսներով, կարող է անգամ շատ առատ արյունահոսություն դիտվել, որը սպառնում է կնոջ կյանքին», – ասել է նա` նշելով, որ բուժհաստատությունների մատչելիության շնորհիվ Հայաստանում հղիության արհեստական ընդհատման հետևանքով դեռևս մահվան դեպք չի արձանագրվել։

ՀՀ ԱՎԾ–ի տվյալների համաձայն` 2013 թ.–ի հունվար–հունիս ամիսներին հանրապետությունում ծնվել է 18 802 երեխա, ինչը 2,7 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։–0–