Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+13

Շուրջ 600 շահառուի կտրամադրվի 450 մլն դրամ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում

24.08.2023, 22:21
Կհատկացվի 450 մլն դրամ՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շուրջ 600 շահառուի տրամադրելու նպատակով
Շուրջ 600 շահառուի կտրամադրվի 450 մլն դրամ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի./ԱՌԿԱ/. Կհատկացվի 450 մլն դրամ՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շուրջ 600 շահառուի տրամադրելու նպատակով:

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերի, այդ թվում՝ միանվագ դրամական աջակցության, կանխավճարի ապահովագրության և երեխայի ծննդյան աջակցության ծրագրերի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկեր կամ վարկային կազմակերպություններ դիմած, ինչպես նաև երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակում նախարարություն դիմած քաղաքացիներին աջակցության տրամադրման գործընթացն ապահովելու նպատակով:

Հիմնավորման համաձայն՝ 2022 թ. ծրագրերի համար նախատեսված ֆինանսական միջոցները կազմել են 1,2 մլրդ դրամ, սակայն փաստացի աջակցություն է ստացել 3,088 շահառու, որոնց վճարվել է շուրջ 2,1 մլրդ դրամ, ինչը պայմանավորված է ծրագրերի շրջանակներում դիմումների թվի աննախադեպ աճով։

2023 թ. օգոստոսի 15-ի դրությամբ ծրագրերի շրջանակում աջակցություն է ստացել 1685 շահառու, որից 236-ը միանվագ դրամական աջակցության ծրագրով (222,355,306 դրամ), 494-ը կանխավճարի ապահովագրության ծրագրով (22,965,628 դրամ), 955-ը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով (982,744,936 դրամ)։

Ընդհանուր առմամբ, վճարվել է 1,228,065,870 դրամ, որից 300 մլն դրամն ապահովվել է բյուջեի վերաբաշխման միջոցով, իսկ 928,065,870 դրամը ծրագրի շրջանակում 2023 թ. 1-ին, 2-րդ և 3-րդ եռամսյակների համար նախատեսված միջոցների հաշվին։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ծրագրերի շրջանակում 2023 թ. երրորդ եռամսյակում դիմող շուրջ 600 շահառուներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով հատկացնել 450 մլն դրամ։

Իրականացվում են երեք ծրագրեր: Մասնավորապես, առաջին ծրագրով՝ միանվագ դրամական աջակցություն է տրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով:

Երկրորդ՝ ծրագրի շրջանակում հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն, որն ուղղվում է ապահովագրության տարեկան ապահովագրական վճարի մարմանը։ Երրորդ ծրագրով՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն, որն ուղղված է հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը։

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը ընդգծել է ծրագրերի լավարկման, դրանց վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման կարևորությունը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը ներկայացրել է նաև հանրապետությունում ծնելիության ցուցանիշները. «Վիճակագրական կոմիտեի պաշտոնական հրապարակման համաձայն՝ 3-րդ և հաջորդ ծնված երեխաների թվով 2005 թվականից սկսած, իսկ մինչ այդ ուղղակի չկա վիճակագրություն, մենք ունենք ռեկորդ: Այսինքն՝ 2022 թվականի ամփոփմամբ Հայաստանում ծնվել է 11956 3-րդ և հաջորդ երեխա։ Համեմատության համար նշենք, որ 2005 թվականին ծնվել է 5260, 2018թ.՝ 8271 երեխա։ Այսինքն՝ միայն 5 տարվա մեջ 3-րդ և հաջորդ ծնված երեխաների 50 տոկոս աճ ունենք։ Այս պահին 1-ին, 2-րդ, 3-րդ և հաջորդ կարգաթվով ծնված երեխաների համամասնությունը 2022 թվականի տվյալներով կազմում է 1-ինը՝ 36 տոկոս, 2-րդը՝ 31.2 տոկոս և 3-րդը ՝ 33 տոկոս։ Միանշանակ կարելի է փաստել, որ կառավարության կողմից վերջին 5 տարվա ընթացքում իրականացրած ծրագրերը, հատկապես 3-րդ և հաջորդ երեխաների ծննդյան կապակցությամբ, բավականին արդյունք են տվել»:-0-