Рейтинг@Mail.ru
USD
396.85
EUR
408.8
RUB
3.8762
GEL
140.07
2025 թ. հունվարի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Ավելի քան 8 000 մարդ է հարցաքննության ենթարկվել ՀՀ սոցապահովագրության պետական հիմնադրամում վատնման փաստով հարուցված գործի շրջանակներում

09.01.2013, 18:12
Հայաստանի Ոստիկանության Գլխավոր քննչական վարչության առանձնապես կարևոր գործերի քննության վարչության կողմից 8300 մարդ է ենթարկվել հարցաքննության` Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերով քննվող քրեական գործի շրջանակներում, հայտնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ավելի քան 8 000 մարդ է հարցաքննության ենթարկվել ՀՀ սոցապահովագրության պետական հիմնադրամում վատնման փաստով հարուցված գործի շրջանակներում
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ոստիկանության Գլխավոր քննչական վարչության առանձնապես կարևոր գործերի քննության վարչության կողմից 8300 մարդ է ենթարկվել հարցաքննության` Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերով քննվող քրեական գործի շրջանակներում, հայտնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, հարցաքննության են ենթարկվել գերատեսչության և դրա ստորաբաժանումների աշխատակիցներ, կենսաթոշակառուներ, նրանց բարեկամներն ու հարևանները։

Ընդհանուր առմամբ՝ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել են 53 անձինք /2-ը` հետախուզվող/: Նրանցից 13-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Մասնավորապես, կալանավորված է Սոցապահովագրության պետական հիմնադրամի նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը, ում առաջադրվել է մեղադրանք հատկապես խոշոր չափերին խարդախություն կատարելու, կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի վատնման, ինչպես նաև ծառայողական կեղծման հոդվածներով (ՀՀ  քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածով):

Կալանքի տակ գտնվող մեղադրյալների թվում են նաև` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովման պետծառայության վճարումների ծառայության նախկին պետ Հովհաննես Գրիգորյանը և նույն ծառայության առանձին ծրագրերի և կենսաթոշակային ապահովման վարչության պետ Աշոտ Աբրահամյանը, ովքեր մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի խարդախության և ծառայողական կեղծարարության մեջ։
 
Հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը կազմում է 376.716.903 ՀՀ դրամ (մոտ 933 հազար դոլար), որից վերականգնվել է 51.773.902 ՀՀ դրամը (129 հազար դոլար):

Առանձին վարույթում է առանձնացվել և դատարան է ուղղվել մեղադրական եզրակացությամբ ինը քրեական գործ 28 անձանց նկատմամբ։ Երեք անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է համաներման ակտի հիման վրա, իսկ չորս անձանց նկատմամբ` վաղեմության ժամկետի լրացման հիման վրա։

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունը շարունակում է Հայաստանում կենսաթոշակների նշանակման և վճարումների գործընթացում չարաշահումների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը։

2010 թվականի դեկտեմբերին Սոցապահովագրության պետական հիմնադրամի (այն ժամանակ կոչվում էր Սոցապահովման պետական ծառայություն)  նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ։

Ազատման պաշտոնական պատճառներ չէին նշվում, սակայն հայկական ԶԼՄ–ներն ակտիվորեն քննարկում էին Խաչիկյանի հրաժարականի հավանականությունը` նշելով, որ Վերահսկիչ պալատը Սոցապահովագրության պետական հիմնադրամում մի շարք խախտումներ և չարաշահումներ է հայտնաբերել։

Դրանից հետո հիմնադրամում Հայաստանի ֆինանսների նախարարության վերահսկիչ տեսչությունը կոպիտ խախտումների մի մեծ փաթեթ էր հայտնաբերել։ Մասնավորապես, հայտնաբերվել է «մեռած հոգիների» մեծ ցուցակ` մոտ 60 հազար մահացած կամ վաղուց Հայաստանը լքած մարդիկ, ովքեր սակայն շարունակում էին կենսաթոշակ ստանալ։ -0-