ԱԺ–ն կրկին չընտրեց ՍԴ դատավոր
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն չորեքշաբթի նիստի ժամանակ կրկին չընտրեց ՍԴ նոր անդամ։
ՀՀ ԱԺ–ն մայիսի 4–ին կայացած ընտրությունների ժամանակ չկարողացավ այդ պաշտոնում ընտրել Էմիլ Բաբայանին։ Ինչպես նշել էր ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը, 105 պատգամավորներից ընտրություններին մասնակցել է 54–ը, որից Էմիլ Բաբայանի թեկնածության օգտին է քվեարկել 51 պատգամավոր, երեքը` դեմ։
Սահմանադրության համաձայն, ՍԴ դատավորներին ԱԺ–ն ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդ ձայնով` 12 տարի ժամկետով։ ՍԴ–ն բաղկացած է ինը դատավորից, որից երեքն ընտրվում է Հանրապետության նախագահի առաջարկով, երեքը` կառավարության, երեքը` Դատավորների ընդհանուր ժողովի առաջարկով։ Դատավորները պաշտոնավարում են մինչև 70 տարեկան։
ՍԴ–ում դատավորի նոր թեկնածու էր Ելիզավետա Դանիելյանը։
Ինչպես տեղեկացրեց ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը, անհրաժեշտ նվազագույն 63 ձայների դեպքում Դանիելյանի օգտին է քվեարկել 36 պատգամավոր, դեմ` 17։ Մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։ Այսպիսով, քվեարկությանը մասնակցել է 105 պատգամավորներից 54–ը։–0–