Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+6

Ամանորի միջոցառումները կանցկացվեն համեստ ձևաչափով. Երևանի քաղաքապետարան

21.11.2016, 13:44
Տարոն Մարգարյանը հստակ պահանջ է դրել ծրագրի մշակման հիմքում դնել միջոցառումների համեստ ձևաչափով անցկացման սկզբունքը:
Ամանորի միջոցառումները կանցկացվեն համեստ ձևաչափով. Երևանի քաղաքապետարան

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է քաղաքապետի տեղակալներ Արամ Սուքիասյանի և Դավիթ Օհանյանի գլխավորությամբ ստեղծել աշխատանքային խումբ, որը սեղմ ժամկետում կներկայացնի մայրաքաղաքում Ամանորի տոնական միջոցառումների կազմակերպման և անցկացման համապարփակ ծրագիր: 

Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, Տարոն Մարգարյանը հստակ պահանջ է դրել ծրագրի մշակման հիմքում դնել միջոցառումների համեստ ձևաչափով անցկացման սկզբունքը:

«Ինչպես գիտեք, դեռ մայիս ամսին վերանայեցինք այս տարվա բյուջեով մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցները: Այդ ժամանակ էլ շեշտել էի, որ այդ վերանայումը կանդրադառնա հատկապես մշակութային խոշոր միջոցառումների համար նախատեսված գումարների վրա:

Ամանորի տոնական միջոցառումները ևս այդ շարքում էին և, ըստ այդմ, անհրաժեշտ է մշակել միջոցառումների համեստ ձևաչափով անցկացման ծրագիր», - նշել է նա:

Քաղաքապետը ընդգծել է, որ պետք է հիմնականում ուշադրության կենտրոնում պահել սոցիալական ուղղվածության ծրագրերը ու հանձնարարել ծրագիրն ամբողջացնելուց հետո այն ներկայացնել հանրությանը:

Բացի այդ, վարչական շրջանների ղեկավարներին, Երևան քաղաքի գլխավոր դիզայներին, արտաքին ձևավորման և գովազդի վարչությանն ու «Երքաղլույս» ՓԲԸ-ին էլ հանձնարարվել է սկսել մայրաքաղաքի տոնական ձևավորման նախապատրաստական աշխատանքներն ու սահմանված ժամկետում ապահովել Երևանի տոնական տեսքը: -0-