Ավետիսյանների սպանության գործով դատավճիռը կհրապարակվի օգոստոսի 23–ին
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ուրբաթ ամբաստանյալ Վալերի Պերմյակովի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը հանդես է եկել պաշտպանական ճառով:
Պաշտպանն իր ճառում չի անդրադարձել բուն սպանության դրվագին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամբաստանյալը լիակատար ընդունում է իր մեղքը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով pastinfo–ին։
Պաշտպանը պետական սահմանն ապօրինի հատելու փորձի մեղադրանքի առնչությամբ նշել է, որ իր պաշտպանյալն այդպիսի փորձ չի կատարել, այլ սխալմամբ է հայտնվել այնտեղ:
Ուստի, Աղաջանյանը միջնորդել է այս մեղադրանքում նրան արդարացնել, իսկ մյուս մեղադրանքներում ըստ օրենքի դատապարտել:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը հայտարարել է, որ քննությունը թերի է կատարվել, բազմաթիվ հանգամանքներ կան, որոնք չեն ուսումնասիրվել:
Ամբաստանյալ Պերմյակովը հրաժարվել է վերջին խոսքից:
Դատավճիռը կհրապարակվի օգոստոսի 23-ին:–0–