Երևանի քաղաքապետը հանձնարարել է «Սանիթեքին» նախապատրաստվել սպասվող ձյան մաքրման աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է «Սանիթեք» ընկերությանը (որի ենթակայության տակ են գտնվում նաև մայրաքաղաքի ձնամաքրման գործառույթները) և կոմունալ ծառայություններին նախապատրաստվել առաջիկա օրերին կանխատեսված ձյան տեղումներին:
Ինչպես հաղորդվում է քաղաքապետարանի կայքում, երկուշաբթի տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ, Հայպետհիդրոմետ ծառայության տվյալների համաձայն, հունվարի 25-ի երեկոյան ժամերից Երևանում սպասվում են ձյան տեսքով տեղումներ, որոնք կշարունակվեն մինչև հունվարի 28-ը ներառյալ:
Միջերկրական ծովից ցիկլոն է մոտենում Հայաստանի տարածքին. ջերմաստիճանը մի փոքր կբարձրանա>>
Այսօրվանից «Սանիթեք» ընկերությունն իր թիմով թող նախապատրաստվի սպասվող ձյան մաքրման աշխատանքներին: Վարչական շրջանների ղեկավարներին և համապատասխան ծառայություններին էլ հանձնարարում եմ վերահսկել ինչպես նախապատրաստական աշխատանքների ընթացքը, այնպես էլ` ձնամաքրման պատշաճ իրականացման կազմակերպումը», - ասել է Մարգարյանը:
Ձնամաքրումն առավել օպերատիվ իրականացնելու և «Սանիթեք» ընկերությանն աջակցելու նպատակով քաղաքապետը թույլատրել է այդ աշխատանքներում ներգրավել նաև վարչական շրջանների համապատասխան ծառայությունների մեքենասարքավորումներն ու տվյալ ծառայությունների և համատիրությունների աշխատակիցներին: -0-