Գալուստ Սահակյանի առողջական վիճակը բավարար է. ԱԺ մամուլի ծառայություն
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանի առողջական վիճակը գնահատվում է բավարար, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով խորհրդարանի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Արսեն Բաբայանին։
Սահակյանը նախօրեին ուշ երեկոյան հոսպիտալացվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց ճնշման կտրուկ տատանման պատճառով։
«Այս պահին խոսնակի առողջական վիճակը գնահատվում է բավարար, սակայն նրան դեռ դուրս չեն գրել», – ասաց Բաբայանը։
Ազգային ժողովի Facebook–յան պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ բժիշկները նշանակել են ամբողջական հետազոտություն, որի արդյունքում ախտորոշվել է արյան շրջանառության անցողիկ խանգարում, նշանակվել է բժշկական հսկողություն։ Սահակյանի առողջական վիճակը գնահատվել է բավարար, ինքնազգացողությունը հիվանդանոցում մշտապես եղել է լավ։
67–ամյա Սահակյանը 2014 թ.–ից զբաղեցնում է խորհրդարանի խոսնակի պաշտոնը։ –0–