Գրիպի դեմ պատվաստանյութերը որակյալ են և անվտանգ. ԱՆ
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում կիրառվող գրիպի դեմ պատվաստանյութերը որակյալ են և անվտանգ, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ ԱՆ Հիվանդացությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանը։
Գրիպի հետ կապված իրավիճակի սրման կապակցությամբ հայկական մի շարք ԶԼՄ–ներում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ երկրում իրականացվող պատվաստումն արդյունքներ չի տալիս, ավելին` հանգեցնում է բարդությունների նրանց մոտ, ովքեր արդեն պատվաստվել են։
Ինչպես նշեց Վանյանը, Հայաստանն արդեն մի քանի տարի է միևնույն արտադրողից գնում է գրիպի դեմ պատվաստանյութը, որն արդյունավետ է ՍՇՎ–ի մի քանի տեսակների դեմ, այդ թվում` գրիպի սեզոնային վարակ և H1N1 գրիպի ենթատեսակի վիրուս («խոզի գրիպ»)։
Նա նշեց, որ երկրում պատվաստվել են ռիսկային հիմնական խմբերն ու բոլոր ցանկացողները, մասնավորապես, հիվանդության սպասվող բռնկման կապակցությամբ դեռևս 2015 թ.–ի սեպտեմբերին 15 հազար մարդ պատվաստվել է գրիպի դեմ։
Նրա խոսքով` պարտադիր կարգով պատվաստվել են մանկատների սաները, ծերանոցներում բնակվող մարդիկ, հոգեբուժարանների հիվանդները, ինչպես նաև առաջնային օղակի բուժհաստատությունների և հիվանդանոցների աշխատակազմը։
«Պատվաստանյութն առաջին տարին չի կիրառվում և չի հանգեցնում որևէ բարդության, ավելին, մենք խորհուրդ ենք տալիս պատվաստվել խրոնիկ հիվանդություններ ունեցող բոլոր մարդկանց, հիմնականում դա վերաբերում է շաքարային դիաբետ և սիրտ–անոթային համակարգի հիվանդություններ ունեցող մարդկանց», – ասաց Վանյանը։
ԱՆ–ի տվյալներով, Հայաստանում նկատվում է ՍՇՎ–ով հիվանդացության նվազում, հիվանդանոցներում դեռ բուժում է ստանում մոտ 700 հիվանդ։ Հունվարի 1–ից մինչ օրս ՍՇՎ–ով և հիվանդությունից հետո առաջացած բարդություններով Հայաստանի հիվանդանոցներ է դիմել 3 հազար մարդ։
Հայաստանում գրանցվել է 18 մահվան դեպք, որոնց պատճառը H1N1 վիրուսից առաջացած բարդություններն են։ –0–