ՀՀ ԱԻՆ–ը թարմ տվյալներ է հաղորդում Երևան–Մոսկվա ավտոբուսի վթարից տուժած հայերի առողջական վիճակի մասին
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԻՆ–ը թարմ տվյալներ է հաղորդում նախօրեին առավոտյան ՌԴ Վորոնեժի մարզում Երևան–Մոսկվա ավտոբուսի վթարից տուժած հայերի առողջական վիճակի մասին։
Հիշեցնենք, որ մարտի 20–ին ժամը 09:20-ի սահմաններում Երևան-Մոսկվա երթուղին իրականացնող «Mercedes» մակնիշի 308 AF 61 պետհամարանիշով ավտոբուսը ՌԴ Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին՝ Վորոնեժի մարզի Պավլովսկ քաղաքի մոտակայքում, բախվել է բեռնատարի։
Ըստ ճշտված տվյալների, զոհվել է ավտոբուսի ուղևորներից մեկը` 1978 թվականի ծնված Ա.Դ. Սուքիասյանը։ ՃՏՊ–ի զոհ է դարձել նաև բեռնատարի վարորդը (1961 թ. ծնված Ն. Սիոնին)։
ՀՀ ԱԻՆ–ը հաղորդմամբ, մարտի 21-ին ժամը 11:45-ին տեղեկություն է ստացվել տուժածների առողջական վիճակի վերաբերյալ. Մ. Հայրապետյանի, Վ. Օհանյանի, Վ. Գևորգյանի, Դ. Վերմիշյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, Տ. Բաբախանյանի, Ե. Համբարձումյանի առողջական վիճակը՝ կայուն ծանր, Ա. Մուրադյանի, Ա. Թադևոսյանի առողջական վիճակը՝ միջին ծանրության, իսկ Դ. Սարդարյանինը՝ ծայրահեղ ծանր:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Ինտերֆաքսը», հղում անելով Վորոնեժի մարզի դատախազությանը, նախնական տվյալներով ՃՏՊ–ի պատճառը դարձել է այն, որ «Mercedes» մակնիշի ուղևորատար ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել բեռնատարի, որը ուղևորվում էր Դոնի Ռոստով։–0–