Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

ՀՀ ԶՈՒ-երի զինծառայողները իրավունք կստանան օգտվել բջջային հեռախոսներից

17.08.2018, 12:45
ՀՀ ԶՈՒ-երի զինծառայողները այլևս ունեն իրավունք օգտվելու բջջային հեռախոսներից, սակայն դա պետք է անեն համապատասխան կարգով:
ՀՀ ԶՈՒ-երի զինծառայողները իրավունք կստանան օգտվել բջջային հեռախոսներից

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  ՀՀ ԶՈՒ-երի զինծառայողները այլևս ունեն իրավունք օգտվելու բջջային հեռախոսներից, սակայն դա պետք է անեն համապատասխան կարգով, այդ մասին գրել է Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում:

«Զինծառայողին թույլատրվում է ունենալ բացառապես տեսագրման, ձայնագրման, լուսանկարման և ինտերնետ հնարավորություններ չունեցող բջջային հեռախոս: Զորակոչված զինծառայողի բջջային հեռախոսը հաշվառվում է հանրապետական հավաքակայանում: Եթե զինծառայողի բջջային հեռախոսն ունի տեսագրման, ձայնագրման և ինտերնետ հնարավորություններ ապա հեռախոսը հանրապետական հավաքակայանում վերադարձվում է զինծառայողի ներկայացուցչին` հանձման-ընդունման ստացականի հիման վրա, - գրել է նա:

Արծրուն Հովհաննիսյանը նշել է նաև, որ Հանրապետական հավաքակայանում զինծառայողը պետք է ծանոթանա բջջային հեռախոսակապով խոսակցությունների ժամանակ գաղտնիության ռեժիմի պահպանման պահանջներին: Զորամաս ներկայանալուց հետո զինծառայողը նախապատրաստական ստորաբաժանումում բջջային հեռախոսը ներկայացնում է հաշվառման: Զինծառայողին արգելվում է շարքում, պլանային և ոչ պլանային միջոցառումների, պարապմունքների, մարտական հերթապահության, վերակարգի, զենքի խնամքի ժամանակ օգտվել բջջային հեռախոսից: Զինծառայողը բջջային հեռախոսից կարող է օգտվել միայն զորամասի օրվա կարգացուցակով նախատեսված ազատ ժամերին: 

Զինծառայողի բջջային հեռախոսի հեռախոսավարձերի վճարումը կատարվում է զինծառայողի կամ նրա հարազատների կողմից: 

«Բջջայինով խոսելիս զինծառայողը պետք է խուսափի զինվորական անցուդարձի մասին առնչվող խոսակցություններից: Լարված իրադրության ժամանակ մի ՛ զանգահարեք ձեր մտերիմներին ու մի ՛ պատմեք ծավալվող իրադարձությունների մասին: Մի կատարեք «վաղը մեզ մոտ տագնապ է լինելու» կամ նմանատիպ բովանդակությամբ այլ գրառումներ: Մի հրապարակեք լուսանկարներ, որոնցում երևում են մարտական հենակետեր, դիրքեր, գաղտնի ապառազինություն կամ տեխնիկա, ավտոմեքենաների համարանիշներ և այլն: Ռազմական գործողությունների ժամանակ անջատեք բջջային հեռախոսը:

Հիշեք հակառակորդը լսում է ձեզ և կարող է ձեր հեռախոսի դիրքով ոչնչացնել ձեզ ու ձեր ստորաբաժանումը», - գրել է Արծրուն Հովհաննիսյանը:-0-