ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը նախազգուշացնում է հրդեհների վտանգի մասին
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /ԱՌԿԱ/. Գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ, հանրապետության անտառային և հարակից տարածքներում մեծացել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը, հաղորդում է ՀՀգյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն, այդ մասին են վկայում նաև անտառային հրդեհների դեպքերը: Համայնքի սեփականություն հանդիսացող ցանքատարածքները բուսական մնացորդներից մաքրելու նպատակով բնակչության կողմից կատարվում են հրկիզումներ, որոնք հաճախ տարածվում են անտառային տարածքներ` մեծ վնաս պատճառելով բնությանը և շրջակա միջավայրին:
«ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հիշեցնում է, որ, «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի համաձայն, արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքներում», - նշվում է հաղորդագրության մեջ:
Հրդեհավտանգ ժամանակաշրջանում գյուղատնտեսական նշանակության հողերում հրդեհների կանխարգելման նպատակով, արգելվում է կրակ վառել, վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել, յուղերով, բենզինով և դյուրավառ այլ հեղուկներով ներծծված լաթեր թողնել:
Հրդեհավտանգ ժամանակաշրջանում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս հրդեհաշիջման նպատակով պատրաստ վիճակում պետք է ունենալ հակահրդեհային սարքավորումներ ու սկզբնական հրդեհաշիջման միջոցներ (կրակմարիչներ, ջրով լի տարաներ, բահեր և այլն):
Գյուղատնտեսական հողերում ծագած հրդեհների դեպքում, որոնք կարող են ներթափանցել անտառային տարածք, հողօգտագործողները պետք է անմիջապես ահազանգեն ՀՀ ԱԻՆ տեղական ստորաբաժանումներին, ինչպես նաև սեփական ուժերով միջոցներ ձեռնարկեն հրդեհի մարման համար` մինչև համապատասխան օգնության ժամանելը: -0-