ՀՀ կառավարության որոշմամբ` առաջիկա երկուշաբթին աշխատանքային է
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը թողել է քաղաքացիներին առանց «երկար» հանգստյան օրերի:
Վերջին տարիներին կառավարությունն, ըստ ավանդույթի, ոչ աշխատանքային էր հայտարարում հինգ Տաղավար տոներից յուրաքանչյուրին հաջորդող Մեռելոցի օրերը։
Սակայն հինգշաբթի կայացած կառավարության նիստի ժամանակ որոշում չի ընդունվել առաջիկա երկուշաբթին` հուլիսի 4–ը (որը հաջորդում է Վարդավառի տոնին) հայտարարել ոչ աշխատանքային։
Այսպիսով, Հայաստանի բնակիչների` չորսօրյա արձակուրդի հույսերը չարդարացան (հուլիսի 2-5-ը), չէ՞ որ հուլիսի 5–ը ևս ոչ աշխատանքային է, քանի որ Սահմանադրության օրն է։
Մեռելոցը հաջորդում է հայկական եկեղեցու հինգ Տաղավար տոներից յուրաքանչյուրին՝ Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն, Սբ. Հարություն, Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառ), Վերափոխումն Սբ. Աստվածածնի, Խաչվերաց։
Մեռելոցը Հայաստանում առաջին անգամ ոչ աշխատանքային է հայտարարվել կառավարության որոշմամբ 2008թ.-ի հունիսի 16-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկով։-0-