Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 12, ուրբաթ
եղանակը
Երևանում
+6

ՀՀ կառավարությունը, հնարավոր է, հրաժարվի անձնական վարորդներից և անցնի տաքսիների

20.11.2018, 19:39
ՀՀ կառավարությունը, հնարավոր է, հրաժարվի անձնական վարորդներից և անցնի տաքսիների։
ՀՀ կառավարությունը, հնարավոր է, հրաժարվի անձնական վարորդներից և անցնի տաքսիների

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը, հնարավոր է, հրաժարվի անձնական վարորդներից և անցնի տաքսիների, երեքշաբթի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ այսօր կառավարական և նախարարական ավտոմեքենաների վարորդները դասվում են ցածր աշխատավարձով մարդկանց շարքին, նրանք ստանում են ամսական մոտ 90–94 հազար դրամ։

Նրա խոսքով, ծառայողական մեքենաների սպասարկումն ու ծախսերը պետբյուջեում կազմում են 1 մլրդ դրամ, ընդ որում մեքենաներից շատերը պարզապես կանգնած են նախարարությունների առաջ։

«Այդ պատճառով մենք առաջարկում ենք վարորդներին շուկայականից 20% ցածր գնով գնել մեքենաներն ու աշխատել այլ վայրում, այդ թվում` որպես տաքսի, բնականաբար բացառություն են կազմում հատուկ նշանակության մեքենաները», – ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ դա թույլ կտա նրանց համար ապահովել լրացուցիչ աշխատանք և լուծել բյուջեի ծախսերի խնդիրը։

Փաշինյանի խոսքով, կառավարության և նախարարությունների սպասարկումն իրականացվելու է կամ հերթապահ մեքենաներով կամ համապատասխան ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից։

«Այս դեպքում ծախսերն ավելի հասկանալի կլինեն, այդ թվում` որ նախարարն ուր է գնացել, որքան է դա արժեցել պետբյուջեի համար», – ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։

Նա նաև նշեց, որ պաշտոնը ստանձնելուց հետո հրաժարվել է իրեն ուղեկցող շարասյան մի մասից, քանի որ համարում է, որ դա ոչ նպատակային ծախս է։ –0–