Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

ՀՀ վարչապետ. անհրաժեշտ է ուսումնասիրել իրավիճակը և գտնել առանց Սևանա լճից ջուր բաց թողնելու խնդրի լուծման տարբերակներ

06.08.2018, 14:30
Վարչապետի մոտ քննարկվել են ոռոգման շրջանի խնդիրները։
ՀՀ վարչապետ. անհրաժեշտ է ուսումնասիրել իրավիճակը և գտնել առանց Սևանա լճից ջուր բաց թողնելու խնդրի լուծման տարբերակներ

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ոռոգման շրջանի հրատապ լուծում պահանջող խնդիրները, հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը։ 

Վարչապետը նախ անդրադարձել է ոռոգման հետ կապված առկա կարիքներին, ավելի վաղ ներկայացված կանխատեսումներին և ընդգծել. «Ընդհանրապես, Սևանա լճի այսօրվա իրավիճակը մեզ ստիպում է արձանագրել, որ պետք է դադարենք Սևանին վերաբերվել որպես խաղալիք կամ ջրի տարա: Դա բացարձակապես անթույլատրելի է, և Սևանին որպես ջրի տարա վերաբերվելու գործելակերպը, ցավոք, արդեն երկար ժամանակ Հայաստանում վերածվել է պետական քաղաքականության ու դրա հետևանքները մենք այսօր տեսնում ենք: Հույս ունեմ, որ ներկաները հենց այս տրամադրությամբ և տրամադրվածությամբ են եկել այսօրվա քննարկմանը: Մենք պետք է այս փակ ու անցանկալի շղթան ի վերջո ճեղքենք»: 

Այնուհետև պատասխանատուներրը ներկայացրել են ջրամբարների լցվածության մակարդակի, ոռոգման սեզոնը լիարժեք փակելու համար անհրաժեշտ ջրի քանակի, ճեղքվածքը լրացնելու հնարավոր միջոցառումների, Մխչյանի և Ռանչպարի պոմպակայանների հետ կապված անհրաժեշտ տեղեկատվությունը, որի շուրջ տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են տարբեր առաջարկություններ՝ ոռոգման խնդիրների լուծման ուղղությամբ: Այնուհետև անդրադարձ է կատարվել ոռոգման համակարգերից ջրային կորուստների նվազեցմանը, ՀԷԿ-երի գործունեության վերահսկողությանը և առաջացող բնապահապանական խնդիրներին: 

Քննարկման արդյունքներով՝ վարչապետը հանձնարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների ներգրավմամբ ձևավորել աշխատանքային խումբ, որն առավելագույնը կարճ ժամանակահատվածում կքննարկի գյուղացիական տնտեսություններին անհրաժեշտ ոռոգման ջրի ապահովման խնդիրն ու կներկայացնի համապատասխան առաջարկություններ: 

«Անհրաժեշտ է ուսումնասիրել իրավիճակը և գտնել առանց Սևանա լճից ջուր բաց թողնելու խնդրի լուծման տարբերակներ: Խնդիրը պետք է լուծել մաքսիմալ արդյունավետ և կարճ ժամանակում»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը, միաժամանակ ընդգծելով հանրապետությունում կաթիլային ոռոգման համակարգի զարգացման անհրաժեշտությունը: –0–