Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

ՀՀ վարչապետն այցելել է Սանկտ Պետերբուրգի Պետրոպավլովյան ամրոց

09.07.2016, 23:44
Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի ուղեկցությամբ այցելել է Սանկտ Պետերբուրգի Պետրոպավլովյան ամրոց:
ՀՀ վարչապետն այցելել է  Սանկտ Պետերբուրգի Պետրոպավլովյան ամրոց

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /ԱՌԿԱ/. Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի ուղեկցությամբ այցելել է Սանկտ Պետերբուրգի Պետրոպավլովյան ամրոց:

Վարչապետը շրջայց է կատարել ամրոցով, ծանոթացել նրա պատմությանը: Հովիկ Աբրահամյանը և Մաքսիմ Սոկոլովը ներկա են գտնվել կեսօրի ավանդական համազարկին, որի արձակման պատիվը տրվել է Հովիկ Աբրահամյանին: ՀՀ կառավարության ղեկավարը նաև գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում, ներկա գտնվել զինվորական շքերթին, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

Այնուհետև վարչապետ Աբրահամյանն այցելել է Վասիլեօստրովսկի վարչական շրջանի կենտրոնական Կամսկի այգի՝ ծաղկեպսակ դրել Կոմիտասի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով մեծ երգահանի հիշատակին: 

Սանկտ Պետերբուրգում Կոմիտասի հուշարձանի բացումը տեղի է ունեցել նախորդ տարվա նոյեմբերին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում: 3,3 մետր բարձրությամբ և 1,7 մետր պատվանդանով Կոմիտասի գրանիտե հուշարձանի հեղինակը Ռուսաստանի նկարիչների միության անդամ, Սանկտ Պետերբուրգի գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայի դոցենտ Լևոն Բեյբությանն է, ճարտարապետը՝ Մաքսիմ Աթայանցը:

Հովիկ Աբրահամյանն այցելել է նաև Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի, հանդիպել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նա իր խոսքում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, արտաքին քաղաքականությանը, տնտեսական իրավիճակին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, պատասխանել է մեր հայրենակիցներին հուզող բազմաթիվ հարցերի: Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ Սանկտ Պետերբուրգի մեր հայրենակիցներն իրենց ծավալած հասարակական, տնտեսական, մշակութային գործունեությամբ բարձր են պահում հայ ազգի հեղինակությունը և մեծ ներդրում ունեն Ռուսաստանի զարգացման գործում:–0–