Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Հարուցվել է քրեական գործ Հայաստան ադրբեջանական խնձորներ ներկրելու հետ կապված խոշոր չափերով հարկ չվճարելու դեպքի առթիվ

05.05.2017, 12:04
Քրեական գործը հարուցվել է խոշոր չափերով հարկ չվճարելու դեպքի առթիվ:
Հարուցվել է քրեական գործ Հայաստան ադրբեջանական խնձորներ ներկրելու հետ կապված խոշոր չափերով հարկ չվճարելու դեպքի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ տարածք ադրբեջանական խնձորի ներմուծման հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա հարուցվել է քրեական գործ:

Սննդի անվտանգության պետական ծառայությունն ապրիլի 23-ից սկսած երեք օր զանգվածային ստուգումներ էր իրականացնում շուկայում` ԶԼՄ-ում հայտնված տեղեկատվությունը ստուգելու համար, որի համաձայն, երկրում իրացվում են ադրբեջանական խնձորներ: Ստուգման արդյունքների համաձայն, կարգավորիչը գրանցել է այդ երկրի խնձորների իրացման դեպքեր: Ստուգումներն իրականացվել են բանջարեղենի և մրգերի վաճառակետերում, Երևանի և մարզերի սուպերմարկետներում և շուկաներում:

Ինչպես հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, քրեական գործը հարուցվել է խոշոր չափերով հարկ չվճարելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով:

«Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել մի խումբ ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի տարածքից ՀՀ պետական սահմանով գյուղատնտեսական ապրանքներ, այդ թվում՝ ադրբեջանական խնձոր ապօրինի տեղափոխելու վերաբերյալ: Միաժամանակ, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցների արդյունքում պարզվել է, որ վերը նշված ապրանքները ՀՀ պետական սահմանով տեղափոխվել են առանց մաքսային հսկողության՝ կաշառքի դիմաց մաքսային ծառայողների թողտվությամբ», - նշվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնում նյութերի նախապատրաստմամբ ևս պարզվել է, որ մի խումբ քաղաքացիներ ձեռք են բերել և ՀՀ շուկայում իրացրել ադրբեջանական ծագման խնձոր:

Նշված նյութերով ևս ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ 2016 թվականի դեկտեմբերից մինչև 2017 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանցից Բագրատաշենի մաքսային կետում ծառայություն իրականացնող համապատասխան պաշտոնատար անձինք առանց մաքսազերծման ՀՀ պետական սահմանով մրգերի և բանջարեղենի տեղափոխումը թույլատրելու համար պարբերաբար ստացել են կաշառք:

Այս կապակցությամբ, ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու և կաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով և 311-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Նկատի ունենալով, որ նշված քրեական գործերը առնչվում են պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ կատարված հանցագործություններին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածով սահմանված կարգով, քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: -0-