Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանում ՍՇՎ–ով մոտ 700 հոսպիտալացված կա, որի 96%–ը մինչև 4 տարեկան երեխաներն են. ԱՆ

16.01.2018, 18:02
Երեքշաբթի օրվա դրությամբ Հայաստանում մոտ 700 մարդ հոսպիտալացված է ՍՇՎ–ի ախտանիշներով։
Հայաստանում ՍՇՎ–ով մոտ 700 հոսպիտալացված կա, որի 96%–ը մինչև 4 տարեկան երեխաներն են. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի օրվա դրությամբ Հայաստանում մոտ 700 մարդ հոսպիտալացված է ՍՇՎ–ի ախտանիշներով, հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարության հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը։

Ինչպես երեքշաբթի նշեց Թորոսյանը «Ազատություն» ռ/կ–ի Facebook–յան էջում կազմակերպված առցանց ասուլիսի ժամանակ, հոսպիտալացվածների 96%–ը մինչև 4 տարեկան երեխաներ են։

«Հոսպիտալացվածների 21%–ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ», – ընդգծեց Թորոսյանն ու ավելացրեց, որ նախորդ տարվա հունվարի համեմատ` հիվանդացության մակարդակը փոքր–ինչ աճել է, սակայն այն գրեթե չի տարբերվում նախորդ տ արվա նոյեմբերին գրանցված ցուցանիշից։

Թորոսյանը նաև նշեց, որ ՍՇՎ–ով հիվանդացությունը, 2015 և 2016 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, այս տարի մեկուկես անգամ նվազել է։

«ԱՀԿ–ի տվյալներով, լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այսօր եվրոպական ողջ տարածաշրջանում, այդ թվում` Հայաստանում, տարածված է գրիպի B տեսակը։ Բոլոր հարուցիչներին բնորոշ է սեզոնային ակտիվությունը։ Այդ հարուցիչները մշտապես ապրում են բնության մեջ։ Տարվա ցուրտ եղանակին սեզոնային ակտիվացման ժամանակաշրջանն է, և տարբեր տարիքի մարդիկ, մասնավորապես երեխաները, դառնում են խոցելի այդ հարուցիչների նկատմամբ», – ասաց Թորոսյանը։

ՍՇՎ–ով չվարակվելու համար մասնագետը խորհուրդ տվեց չշփվել հիվանդ մարդկանց հետ։

«Հետևեք ձեռքերի հիգիենային։ Վիրուսները հեշտությամբ փոխանցում են կեղտոտ ձեռքերի միջոցով, ինչի հետևանքով դուք կարող եք վարակել ինչպես ինքներդ ձեզ, այնպես էլ մյուսներին։ Հաճախ օդափոխեք փակ տարածքները։ Հիվանդ երեխաներին մի′ ուղարկեք դպրոց և մանկապարտեզ, մի′ զբաղվեք ինքնաբուժմամբ և մի′ ընդունեք հակաբիոտիկներ առանց բժշկի նշանակման», – ասաց Թորոսյանը։–0–