Հայաստանում նկատվում է հանցագործությունների թվի աճ, իրավապահ համակարգն անելանելի վիճակում է. թերթ
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Մինչ քրեակատարողական ծառայությունը պարբերաբար տեղեկություններ է հրապարակում համաներման արդյունքում ազատ արձակված դատապարտյալների ու կալանավորների թվի մասին, իրավապահ համակարգը հայտնվել է անելանելի իրավիճակում, գրում է «Ժողովուրդը»։
Թերթի տեղեկություններով` ոստիկանության տարբեր ստորաբաժանումների, մասնավորապես, քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցներն արդեն մի քանի օր է՝ աշխատում են գերլարված, գերծանրաբեռնված:
«Բանն այն է, որ համաներում հայտարարելուց հետո համաներվածների ազատ արձակման հետ մեկտեղ Հայաստանում կրկին աճել է հանցագործությունների, մասնավորապես, գողությունների թիվը: Նշենք նաև, որ 2018 թվականի հունվարից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածում արդեն ընդհանուր հաշվով եղել է 14 հազար 205 հանցագործություն, իսկ նախորդ տարի այդ թիվը 12 հազար 484 էր», – նշում են հոդվածի հեղինակները։
Ոստիկանությունից օրաթերթի հարցին ի պատասխան` ասել են, որ հանցագործությունների աննախադեպ աճ չի գրանցվել, իսկ իրենք միշտ էլ աշխատում են ծանրաբեռնված։–0–