Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Հայաստանում քաղցկեղից տարեկան մահանում է 5,6 հազար մարդ, գրանցվում է 8,5 հազար նոր դեպք

04.02.2019, 13:33
«Քաղցկեղի դեմ պայքարի» համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է երկրում քաղցկեղի վերաբերյալ տվյալները:
Հայաստանում քաղցկեղից տարեկան մահանում է 5,6 հազար մարդ, գրանցվում է 8,5 հազար նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Քաղցկեղի դեմ պայքարի» համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է երկրում քաղցկեղի վերաբերյալ տվյալները:

Ըստ ՀՀ առողջապահության նախարարության, Հայաստանում ՉՆ-ից տարեկան մահանում է շուրջ 5600 մարդ: Ընդհանուր մահացության կառուցվածքում այն զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը (20.4%), արյան շրջանառության համակարգի հիվանդություններից հետո:

Նշվում է նաև, որ վերջին 30 տարվա ընթացքում մահացության և հիվանդացության ցուցանիշներն աճել են 2-3 անգամ: 2018-ի դրությամբ Հայաստանում դիսպանսերային հսկողության տակ գտվող ՉՆ հիվանդների թիվը 43830 է, ամեն տարի գրանցվում է 8500 նոր դեպք:

«ՉՆ-ի 30-50%-ը կարելի է կանխարգելել և բուժել` վաղ հայտնաբերման պարագայում: Ցավոք, դեպքերի շուրջ 60%-ը հայտնաբերվում է III և IV փուլերում, որը մեծապես անդրադառնում է բուժման որակի և ապրելիության տևողության վրա», - ասվում է տարածած հաղորդագրությունում:

Ըստ ՉՆ նոզոլոգիաների տարածվածության՝ կանանց շրջանում զգալիորեն բարձր է կրծքագեղձի, հաստ աղու, արգանդի պարանոցի և մարմնի հիվանդացությունը և մահացությունը, տղամարդկանց շրջանում` շնչափողի, բրոնխների, թոքի, միզապարկի, ստամոքսի շագանակագեղձի քաղցկեղով հիվանդացությունը:

Նախարարությունը զգուշացնում է, որ վերջին տարիներին թև´ կանանց, թև´ տղամարդկանց շրջանում, զգալիորեն աճել է ստամոքսի և հաստ աղու քաղցկեղով հիվանդացությունը, որը կարող է պայմանավորված լինել նստակյաց ապրելակերպով և անառողջ սննդակարգով:

«Քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնելու նպատակով անհրաժեշտ է պահպանել առողջ ապրելակերպի կանոնները. չծխել և արգելել Ձեր և Ձեր հարազատների կողքին ծխելը, լինել ֆիզիկապես ակտիվ, պահպանել առողջ սննդակարգ` սահմանափակելով ալկոհոլի, վերամշակված մթերքի և աղի օգտագործումը, խուսափել ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից, կանխարգելիչ նպատակով տարեկան առնվազն մեկ անգամ, իսկ ցանկացած նորագոյացության հայտնաբերման դեպքում` անհապաղ այցելել բժշկի, մասնակցել սկրինինգային հետազոտություներին, պատվաստվել մարդու պապիլոմավիրուսի և հեպատիտ Բ-ի դեմ», - նշվում է տարածած հաղորդագրությունում:-0-