Հայաստանում Yandex.Taxi–ն նախապես ցույց կտա ուղևորության վերջնական արժեքը
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /ԱՌԿԱ/. Այսօրվանից Երևանում Yandex.Taxi–ից օգտվողները երթուղու վերջնակետը նշելու դեպքում կարող են նախապես տեսնել ուղևորության առավելագույն արժեքը։
Ինչպես նշում են ընկերության մամուլի ծառայությունից, նախկինում հայտարարված արժեքը կարող էր փոխվել՝ կախված վերջնական կիլոմետրաժից, սակայն այժմ ծառայությունը ուղևորության արժեքը ցույց է տալիս նախապես հաշվարկված օպտիմալ երթուղով, և այդ արժեքը չի ավելանա, անկախ այն բանից, թե ինչ ճանապարհով կգնա վարորդը։
Արժեքը հաշվարկվում է՝ ելնելով սակագնից (օրինակ «էկոնոմ» կամ «կոմֆորտ») և նշանակման վայրի հեռավորությունից, որը պատվերի ժամանակ պետք է նշվի։ Արժեքի վերահաշվարկ տեղի է ունենում միայն երկու դեպքում. երբ հաճախորդը փոխում է ուղևորության վերջնակետը կամ խնդրում է վարորդին ճանապարհի ընթացքում կանգառ իրականացնել։
Ինչպես նշում է Yandex.Taxi–ի գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը, վերջին մի քանի տարիների ընթացքում անձնական մեքենան դառնում է քաղաքում երթևեկության ցածր արդյունավետ միջոց։
«Շատ դեպքերում տաքսին ավելի հարմար և էժան է, քան անձնական ավտոմեքենան, և, բացի այդ, տալիս է երթևեկելու ազատության ավելի բարձր աստիճան։ Այն, որ ծառայությունը այժմ նախապես ցույց է տալիս վերջնական արժեքը և չի փոխում այն, մեծ քայլ է դեպի ապագան, որտեղ տաքսին, այլ ոչ թե անձնական մեքենան, կդառնա քաղաքում անձնական տրանսպորտի հիմնական տեսակը»,- ասել է նա:
Yandex.Taxi–ն նաև Երևանում ներմուծում է քարտով վճարում։
«Բավարար է մեկ անգամ կցել քարտը հավելվածին և ուղևորության վերջում անհրաժեշտ գումարը ավտոմատ կերպով դուրս կգրվի հաշվից․ ուղևորին այլևս անհրաժեշտ չի լինի մտածել՝ արդյոք կբավարարի իր կանխիկ գումարը կամ վարորդը արդյոք կունենա մանր, թե ոչ։ Թեյավճարները ևս հնարավոր է փոխանցել հենց քարտից․ բավարար է ընտրել տոկոսը նախապես կամ ուղևորության վերջում», - նշվում է հաղորդագրության մեջ։
Yandex.Taxi հավելվածը հասանելի է iOS և Android օպերացիոն համակարգերին անվճար, իսկ ուղևորության արժեքը կարելի է հաշվարկել taxi.yandex.ru կայքում։
Yandex.Taxiն աշխատում է Հայաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Վրաստանում և Բելոռուսում։ Ընդհանուր առմամբ բոլոր երկրներում ծառայությանը կցված են ավելի քան 177 հազար ավտոմեքենա գործընկեր տաքսոպարկերից։ -0-