Հրաչյա Հարությունյանի հարազատները տեսակցել են նրան

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հրաչյա Հարությունյանի կինը, հայրը, դուստրն ու թոռնիկը երեկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մեկ ժամով տեսակցել են իրենց հարազատին։
«Առավոտի» հետ զրույցում Հրաչյա հարությունյանի կինը՝ Անահիտ Մարտիրոսյանը, պատմել է, որ ամուսինը բարձր տրամադրություն է ունեցել, ամենից շատ ուրախացել է՝ թոռնիկին տեսնելով:
«Գնացել էինք տեսակցության, նոր ենք տուն վերադարձել: Ամուսինս շատ ուրախ էր ասում է՝ 4 տարի Ռուսաստանում պատիժ կրելուց հետո ես ինձ այստեղ լիարժեք տանն եմ զգում: Զգացվում էր, որ դեռ հիվանդություն ունի, լավ չէ, բայց իրեն շատ լավ էր պահում: Այնքան էր ուրախացել, ամենից շատ թոռնիկին էր կարոտել, գրկից չէր իջեցնում»,- նշել է Մարտիրոսյանը։
ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը բեռնատարի վարորդ է։ Նա դարձել էր ավտովթարի մեղավոր 2013 թ.–ի հուլիսին Նոր Մոսկվայի տարածքում, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ։ Հարությունյանը դատապարտվել է 6 տարվա և 9 ամսվա ազատազրկման։ Նա վերջերս է տեղափոխվել Հայաստան։
Խոսելով ամուսնու առողջական վիճակի մասին` Մարտիրոսյանը հայտնել է, որ ստուգում է անցել, վաղն էլ սիրտ են ստուգելու։
Թերթի փոխանցմամբ, Հրաչյա Հարությունյանը սրտի, ողնաշարի հետ կապված խնդիրներ ունի։ Կնոջ տեղեկացմամբ` Ռուսաստանում էլ ստուգումից հետո պարզվել է, որ թևի տակ ճարպագունդ կա, հիմա դա է նեղություն տալիս։
Հրաչյա Հարությունյանի հարազատները նրան հագուստ և անհրաժեշտ այլ պարագաներ են տարել, քրեակատարողական հիմնարկի պայմաններից գոհ են։
Հարությունյանի կինն, անդրադառնալով ՌԴ–ում պատիժը կրելու տարիների մասին, նշել է, որ ամուսինը ոչինչ չէր ուզում հիշել, թե ինչ է Ռուսաստանում կատարվել։
«Ասում էր` լավ բան չկա, որ պատմեմ։ Ուզում էր, որ մենք խոսեինք մեզնից, թոռնիկի հետ էր զրուցում», – ասել է Մարտիրոսյանն ու ավելացրել, որ այսուհետ ամուսնուն կարող են տեսակցել ամիսը մեկ անգամ։
Քրեակատարողական հիմնարկում իրենց տեղեկացրել են, որ մյուս ամիս կարող են գնալ տեսակցության երեք օրով, քրեակատարողական հիմնարկում սենյակ կհատկացնեն Հրաչյա Հարությունյանի հարազատների համար։–0–