Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում այցելել են հայ ռազմագերիին

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 7-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները Ադրբեջանում այցելել են հայ ռազմագերիին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Մենք հնարավորություն տվեցինք նրա հարազատներին նրանից ինչ-որ տեղեկություններ ստանալ», - ասաց Ամատունին:
Ամատունին հրաժարվեց տեղեկություն տրամադրել տղամարդու առողջական վիճակի, կալանքի պայմանների, ինչպես նաև նրա ինքնության մասին:
Միաժամանակ, «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը նշում է, որ տղամարդը, ում այցելել են ԿԽՄԿ-ի ներկայացուցիրները, Արսեն Բաղդասարյանն է, ով գերության մեջ է 2014 թ.-ի դեկտեմբերից:
2015 թ.-ին Գյանջայի դատարանը դատապարտել է նրան 15 տարվա ազատազրկման, քանի որ նրան մեղավոր են ճանաչել հանցավոր կազմակերպությանը անդամակցելու, սպանության փորձ կատարելու, Ադրբեջանի տարածքում պայթյուն կամ հրդեհ իրականացնելու մեջ։ Ադրբեջանական կողմը պնդում է, որ Բաղդասարյանը դիվերսանտ է և գերեվարվել է «Աղդամի ուղղությամբ հայկական կողմի հետախուզական դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ»:
Սակայն Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հերքում է այդ տեղեկատվությունը` հայտնելով, որ, լինելով ԼՂՀ Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, Բաղդասարյանը պարբերաբար ինքնակամ լքել է մշտական տեղակայման վայրը, ինչի համար ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից: -0-