Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Մասիսի քաղաքապետն ու նրա տեղակալը ձերբակալվել են

31.05.2018, 14:28
Մասիսի քաղաքապետն ու նրա տեղակալը, ինչպես նաև Մասիսի 3 բնակիչներ ձերբակալվել են։
Մասիսի քաղաքապետն ու նրա տեղակալը ձերբակալվել են
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./ԱՌԿԱ/. Ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 5 անձ՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։ 

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 22-ին մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել։

Մշակվել է քննչական պլան, ստեղծվել քննչական խումբ և ըստ դրվագների՝ կատարվում է բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն, միջոցներ ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Նախաքննության ընթացքում ներբեռնվել և քրեական գործին են կցվել ապրիլի 22-ին Էրեբունի և Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսագրությունները, ինչպես նաև՝ դեպքին առնչվող մամուլում կատարված հրապարակումները, օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ տրվել ոստիկանության ստորաբաժանումներին։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 5 անձ՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանը, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 1982թ. ծնված Ս.Սահակյանը, 1995 թ. ծնված Գ.Համբարձումյանը, 1988 թ. ծնված Գ.Խաչատրյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։–0–