ՊԵԿ-ը հորդորում է չխոչընդոտել բեռնատարների մուտքը Հայաստան` պարենային անվտանգության ապահովման անհրաժեշտությունից ելնելով
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /ԱՌԿԱ/. Պետական եկամուտների կոմիտեն, պարենային անվտանգության ապահովման անհրաժեշտությունից ելնելով, հորդորում է չխոչընդոտել բեռնատարների մուտքը Հայաստան, հայտնում է ՊԵԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
«Պետական եկամուտների կոմիտեին անհանգստացնում է այն իրավիճակը, որ երկիր մտնող բեռնատար՝ հատկապես սննդամթերքով բեռնված մեքենաներն արգելքի առաջ են կանգնում՝ ճանապարհները փակելու քաղաքական ակցիայով պայմանավորված: Արձանագրվում են նաև դեպքեր, երբ որոշ բեռնատարներ հետ են դառնում ճանապարհից՝ այդպես էլ չմտնելով Հայաստանի Հանրապետության տարածք: Այս ամենը մտահոգիչ է այնքանով, որ ստեղծված իրադրությունը խոչընդոտներ է առաջացնում բեռնատարների մուտքի և դրանց մաքսային սպասարկման գործընթացների համար, ինչը կարող է լուրջ հարված հասցնել երկրի պարենային անվտանգությանը», - նշվում է տարածած հաղորդագրությունուն:
Մաքսային ծառայությունը հորդորում է ակցիայի բոլոր մասնակիցներին հաշվի առնել մտահոգիչ փաստերը և բոլորիս պարենային անվտանգության ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ չխոչընդոտել ՀՀ սահմանին բեռնատարների ելումուտն ու մաքսային սպասարկումը:
Այն բանից հետո, երբ մայիսի 1–ին ՀՀ ԱԺ–ն հատուկ նիստում մերժեց ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, նա կոչ արեց սկսել բողոքի տոտալ ակցիաներ հանրապետության ողջ տարածքում, մասնավորապես, տոտալ արգելափակում, այդ թվում` երկաթուղիների և օդանավակայանների։
Ըստ ՀՀ Սահմանադրության, վարչապետ չընտրելու դեպքում քվեարկությունից հետո յոթ օր անց կազմակերպվում են կառավարության ղեկավարի նոր ընտրություններ։ Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուները։ Եթե վարչապետը չընտրվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, ապա ԱԺ–ն ցրվում է։–0–