Рейтинг@Mail.ru
USD
396.9
EUR
408.17
RUB
3.5437
GEL
140.99
2025 թ. հունվարի 4, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Պերմյակովի փաստաբանը չգիտի, թե որտեղ է իր պաշտպանյալը կրելու ցմահ պատիժը

23.08.2016, 15:30
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամներին սպանելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը չգիտի, թե որտեղ է իր պաշտպանյալը կրելու պատիժը։
Պերմյակովի փաստաբանը չգիտի, թե որտեղ է իր պաշտպանյալը կրելու ցմահ պատիժը

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  2015-ի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամներին սպանելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը չգիտի, թե որտեղ է իր պաշտպանյալը կրելու պատիժը։

Փաստաբանի խոսքով, պատիժը կրելու վայրը պետք է նշված լիներ դատավճռում, սակայն դատավորն այդ հարցը շրջանցեց։

«Ամենայն հավանականությամբ, այդ հարցը կկարգավորվի Պատժի կատարման վարչության կողմից»,– ասաց Աղաջանյանը։ Նա ավելացրեց նաև, որ չի կարող ասել` հնարավոր է, արդյո՞ք, պատժի կրումը հանրապետության սահմաններից դուրս։

Ավելի վաղ փաստաբանը դատարան միջնորդություն է ներկայացրել` պետական սահմանն ապօրինի հատելու փորձի մեղադրանքը հանելու առնչությամբ, սակայն միջնորդոթյունը մերժվել է:

Աղաջանյանն ընդգծել է, որ դատավճռի բողոքարկման հետ կապված հարցը կլուծվի վերջինիս տեքստը ստանալուց հետո: Շատ բան կախված է նաև հենց Պերմյակովի դիրքորոշումից:

Երեքշաբթի նիստի ժամանակ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղադրանքի բոլոր կետերով մեղավոր ճանաչեց 102–րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովին:

2015 թ.-ի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեղադրանքով Պերմյակովը դատապարտվեց զմահ ազատազրկման («Երկու կամ ավելի անձանց սպանություն` կատարված առանձնակի դաժանությամբ և զուգորդված ավազակային հարձակմամբ»):

«Ավազակային հարձակում», «անօրինական ներխուժում», «կողոպուտ» հոդվածներով Պերմյակովը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, իսկ «պետական սահմանի հատման փորձ» հոդվածով` երկու տարվա ազատազրկման:

Հաշվի առնելով ավելի մեծ ժամկետի կողմից ավելի փոքրի կլանումը, դատարանը Պերմյակովին դատապարտել է ցմահ բանտարկության:

Գյումրիում 2015 թվականի հունվարի 12–ին սպանվել է յոթ մարդուց բաղկացած ընտանիք, այդ թվում` երկու մանկահասակ երեխաներ։ Հանցագործության կատարման մեջ մեղադրվում է Գյումրու 102–րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը, ով 2015 թ.–ի հունվարի 13–ին ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից հայ–թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ և խոստովանել է իր մեղքը։

2015 թ.-ի օգոստոսին կայացած դասալքության գործով դատական գործընթացի ժամանակ Պերմյակովը խոստովանեց իր մեղքը և հայտնեց, որ զղջում է, սակայն հրաժարվեց դատավարության ժամանակ ցուցմունք տալ: Ռուսական կայազորային ռազմական դատարանը դատապարտեց նրան 10 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում` դասալքության և զենքի հափշտակության համար:

Հայաստանի քննչական կոմիտեն 2015 թվականի հոկտեմբերի 16–ին Պերմյակովին նոր մեղադրանքներ է առաջադրել։ Քննության տվյալներով, սպանությունն ուղեկցվել է ավազակային հարձակմամբ, անօրինական տուն ներխուժելու և գույքի հափշտակության հետ, ինչից հետո կատարվել է սահմանն ապօրինի հատելու փորձ։ Պերմյակովին, բացի սպանության մեղադրանքից, մեղադրանքներ են առաջադրվել «ավազակային հարձակում», «անօրինական ներխուժում», «կողոպուտ», «պետական սահմանի հատման փորձ» հոդվածներով։ Նա ընդունել է իրեն առաջադրած բոլոր մեղադրանքները։ -0-