ՍՇՎ–ի և գրիպի մակարդակը գրեթե կրկնակի ցածր է համաճարակաբանական շեմից. ԱՆ
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում սուր շնչառական վարակների և գրիպի մակարդակը շարունակում է մնալ ցածր, չնայած դրանց ակտիվացման սեզոնին, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի օդակաթիլային վարակների և հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը հինգշաբթի գրիպին նվիրված ամենամյա սեմինարի ընթացքում։
«ՍՇՎ–ի համաճարակաբանական անալիզի արդյունքներն այսօրվա դրությամբ վկայում են այն մասին, որ դրա մակարդակը 1,8 անգամ ցածր է համաճարակաբանական ամենացածր շեմից։ Այսօրվա դրությամբ գրանցվող հիվանդացության դեպքերի թիվը բնական է և նորմալ այս սեզոնի համար», – նշեց Թորոսյանը։
Նրա խոսքով, այսօր երկրում տարածված չեն գրիպի հարուցիչներ, շրջանառվում են ռինովիրուսներ, ադենովիրուսներ և պարագրիպեր, որոնց դեպքում մարդն ավելի հեշտ է առողջանում։ Թորոսյանը միաժամանակ ձեռնպահ մնաց հիվանդների կոնկրետ թիվը հրապարակելուց։
«Սակայն անգամ հիվանդացության նման ցածր մակարդակի դեպքում դրա մեծ մասը բաժին է ընկնում մինչև 5 տարեկան երեխաներին», – ասաց Թորոսյանը։
Նրա խոսքով, այսօր բժշկական հաստատություններում հանգիստ իրավիճակ է, ինչը հազվադեպ երևույթ է, բոլոր հիվանդանոցներն ու բուժանձնակազմը պատրաստ են գրիպի սեզոնին։ Միաժամանակ Թորոսյանն ընդգծեց, որ հայ բժիշկների պատրաստվածության բարձր մակարդակը կապված է Հայաստանում պարբերաբար անցկացվող սեմինարների հետ։
Պատասխանելով իրավիճակի հնարավոր փոփոխության մասին հարցին` բաժնի պետը նշեց, որ Հայաստանում ինֆեկցիոն հիվանդությունների համաճարակաբանական ֆոնն ավելի շատ սրվում է Ամանորյա տոներից հետո, և այդ ժամանակաշրջանը տևում է մինչև փետրվարի երրորդ տասնօրյակ։
«Այս իրավիճակում ոչ ոք չի կարող բացառել, որ չեն գրանցվի հոսպիտալացման դեպքեր, քանի որ ցանկացած մարդ այդ սեզոնին խոցելի է գրիպի և ռասպիրատոր հարուցիչների համար», – նշեց Թորոսյանը։–0–