«Սանիթեքը» պարզաբանել է Երևանում աղբահանության հետ կապված խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի./ԱՌԿԱ/. «Սանիթեք» ընկերությունը տեղեկացնում է, որ վերջին օրերին տեխնիկական խափանումներ են գրանցվել աղբահանության աշխատանքների կազմակերպման գործընթացում, ինչի պատճառով Երևան քաղաքում աղբահանությունը պատշաճ չի իրականացվել։
Այս մասին նշվում է ընկերությունից ստացված հաղորդագրության մեջ։
«Ընկերությունը հայցում է քաղաքացիների և քաղաքի հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար», – նշվում է հաղորդագրության մեջ։
Այս պահին զուգահեռաբար աշխատանքներ են իրականացվում հակաճգնաժամային պլանի մշակման, ինչպես նաև աղբահանության աշխատանքները բնականոն հունի բերելու ուղղությամբ։
«Ընկերության աշխատակիցները փորձում են հնարավորինս արագ շտկել ստեղծված իրավիճակը։ Նշենք, որ առաջիկայում ընկերությունը կհրավիրի մամուլի ասուլիս ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանումներ ներկայացնելու և լրագրողների հարցերին պատասխանելու համար», – նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր ուղիղ եթերում դժգոհություն էր հայտնել Երևանի աղբահանության որակից: Վարչապետի խոսքով, վերջին ժամանակներում մայրաքաղաքի փողոցներով շրջելիս նա տեսնում է լիքն աղբամաններ և ստիպված է հանձնարարականներ տալ, քանի որ Երևանում այդ հարցում թերացումներ կան, և «Սանիտեք» ընկերությունը պետք է ստանա այս ահազանգը, քանի որ «մենք, մեղմ ասած, դժգոհ ենք նրա աշխատանքից»,- նշել էր վարչապետը:–0–