ՎԶԵԲ–ը պատրաստ է աջակցել էներգետիկ բնագավառի և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերին. բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը մայիսի 22-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդադձեին, հաղորդում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Քննարկվել են էներգետիկ ոլորտում ընթացիկ և հեռանկարային ծրագրերին վերաբերող հարցեր։
Կարևորելով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի դերը Հայաստանի տնտեսության զարգացման գործում՝ նախարար Արթուր Գրիգորյանը համոզմունք է հայտնել, որ էներգետիկայի բնագավառում առկա փոխգործակցությունը հաջողությամբ կշարունակվի նաև առաջիկայում:
Դիմիտրի Գվինդադձեն նշել է, որ բանկը պատրաստակամ է աջակցելու ինչպես էներգետիկայի բնագավառի, այնպես էլ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերին:–0–