Վանեցյան. Տարոն Մարգարյանը շուտով կկանչվի հարցաքննության

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /ԱՌԿԱ/. Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջիկայում կկանչվի հարցաքննության Ազգային անվտանգության ծառայության քննչական բաժին։ Այդ մասին հինգշաբթի կառավարության նիստից առաջ հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը` մեկնաբանելով «Երևան» հիմնադրամում չարաշահումների հետաքննության ընթացքը։
Հայաստանի ԱԱԾ–ն ավելի վաղ չարաշահման ու խարդախության գործով խուզարկություն է կատարել «Երևան» հիմնադրամի գրասենյակներում։
«Քննության այս փուլում նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեռ չի կանչվել հարցաքննության, սակայն շուտով դա տեղի կունենա։ Ինչ վերաբերում է «Երևան» հիմնադրամի գործով հետաքննությանը, ապա նյութերի ծավալը մեծ է, և ժամանակ է պահանջվում լիարժեք ուսումնասիրության համար», –– հայտարարեց Վանեցյանը։
Ինչ վերաբերում է Տարոն Մարգարյանի անօրինական հարստացման մասին տեղեկություններին, ապա, ըստ Վանեցյանի, ԱԱԾ–ն դեռ չի հայտնաբերել ընկերություններ, որոնք գրանցված են նախկին քաղաքապետի անունով։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոռուպցիայի դեմ պայքարի գծով խորհրդական Արեն Մկրտչյանը փոխանցել է մեզ ԶԼՄ–ներում ու սոցցանցերում տեղ գտած հրապարակումները Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ։ Տարվում է քննություն», – հայտարարեց Վանեցյանը։
Միաժամանակ ԱԱԾ ղեկավարը բացառեց այն բանի հնարավորությունը, որ Տարոն Մարգարյանը լքել կամ կլքի Հայաստանը։–0–