Երևանում ձիու մսի վաճառք է կանխվել
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչները, պետական վերահսկողության շրջանակում մսի շուկայում իրականացվող պարբերական շրջայցերի արդյունքում Խորենացի փողոցի վրա կանխել են ձիու մսեղիքի վաճառքը, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչներ Արման և Գեղամ Եսայանների մեքենայի թափքում հայտնաբերվել է ձիու միս: Ուղեկցող փաստաթղթերը եղել են առանց մալենիզացիայի արդյունքի, որի բացակայության դեպքում միսը ենթակա է օգտահանման կամ ոչնչացման», – նշվում է հաղորդագրության մեջ։
Մսից կատարվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության:
Նախատոնական առևտրի ակտիվացմամբ պայմանավորված՝ ՍԱՊԾ-ն ևս մեկ անգամ հորդորում է սպառողներին, միս գնելիս անպայման պահանջել և ծանոթանալ անասնաբուժասանիտարական ուղեկցող փաստաթղթերին, իսկ խախտումներ նկատելու դեպքում՝ զանգահարել Ծառայության «Թեժ գծին» 010 206040 հեռախոսահամարով:–0–