Երևանում կավելանա վերելակների սպասարկման գումարը
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. Երևանում մինչև 20% կբարձրանա վերալակների շահագործման վճարը` մայրաքաղաքում վերելակային տնտեսության արդիականացման ծախսերը փակելու համար: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:
«Երևանի վերելակային ֆոնդի արդիականացման ծրագիրը մտել է եզրափակիչ փուլ: Առաջիկա օրերին մենք կդիմենք կառավարություն` ֆինանսական մոդելի հաստատման համար: 3600 վերալակների վերանորոգման, արդիականացման և փոխարինման համար պահանջվում է 30 մլրդ դրամ», - ասաց Սարգսյանը` նշելով, որ Երևանը չի կարող հատկացնել այդ գումարը:
«Բնակարանի սեփականատերը, վերելակի համար ամսական վճարում է միջինը 1600 դրամ: Այդ գումարը կավելանա, որ նոր վերելակների ֆոնդի գումարի մի մասն ունենանք», - ասաց նա:
Հայկ Սարգսյանը նշեց նաև, որ վերելակների օգտագործման թույլատրելի ժամկետը 25 տարի է: Մայրաքաղաքի վերելակների 90 տոկոսը վաղուց հատել է այդ շեմը: 2012-2018 թվականների ընթացքում վերելակների անսարքության պատճառով գրանցվել է վեց զոհ և հինգ վիրավոր:-0-