Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Բոլոնյան գործընթացը ձևավորում է համամարդկային արժեքներով ապրող սերունդ. Աշոտյան

14.05.2015, 15:28
Բոլոնյան գործընթացը բացառիկ հնարավորություն է համամարդկային արժեքներով առաջնորդվող սերունդների ձևավորման համար, հինգշաբթի Երևանում հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի 9–րդ նախարարական գագաթնաժողովի ժամանակ։
Բոլոնյան գործընթացը ձևավորում է համամարդկային արժեքներով ապրող սերունդ. Աշոտյան
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. Բոլոնյան գործընթացը բացառիկ հնարավորություն է համամարդկային արժեքներով առաջնորդվող սերունդների ձևավորման համար, հինգշաբթի Երևանում հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի 9–րդ նախարարական գագաթնաժողովի ժամանակ։

«Չնայած դժվարություններին և մարտահրավերներին, Բոլոնյան գործընթացը հաջողվել է։ Այն բացառիկ նախագիծ է, որը միավորում է 47 եվրոպական երկրներ։ Այս նախագիծը ոչ միայն կրթական իմաստ ունի, այն նաև կարևոր է քաղաքակրթական տեսակետից` ընձեռելով բացառիկ հնարավորություն համամարդկային արժեքներով առաջնորդվող նոր սերունդ ձևավորելու համար», – ասաց Աշոտյանը։

Նրա խոսքերով` փաստաթղթերն ու որոշումները, որոնք քննարկվելու և ընդունվել են Երևանում, կարևոր ազդեցություն կունենան համաեվրոպական կրթական համակարգի զարգացման վրա։

«Այսօր եվրոպական քաղաքակրթության առաջ կանգնած բազմաթիվ խնդիրների լուծումը թաքնված է դեմոկրատական և քաղաքացիական դաստիարակության, այն մարդկանց մեջ, ովքեր հարգում են համամարդկային արժեքները», – ավելացրեց նա։

Երևանում հինգշաբթի մեկնարկել են Բարձրագույն կրթության եվրոպական տարածքի (ԲԿԵՏ) 9–րդ գագաթնաժողովը և Բոլոնյան 4–րդ քաղաքական համաժողովը, որոնք կտևեն մինչև մայիսի 15–ը։

Միջոցառմանը մասնակցում են Բոլոնյան գործընթացի 47 մասնակից երկրների ավելի քան 100 պատվիրակներ, ինչպես նաև մոտ 20 կրթության նախարարներ։

Գագաթնաժողովի արդյունքում նախատեսվում է ընդունել Բոլոնյան չորրորդ քաղաքական համաժողովի հռչակագիրը, ինչպես նաև Նախարարական գագաթնաժողովի երևանյան կոմյունիկեն։ –0–