Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+6

Հայաստանի ԿԳ նախարարն առաջարկում է վերանվանել երկիրը

17.01.2014, 14:22
Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն առաջարկել է վերանվանել երկիրը Արևելյան Հայաստանի Հանրապետություն։
Հայաստանի ԿԳ նախարարն առաջարկում է վերանվանել երկիրը

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն առաջարկել է վերանվանել երկիրը Արևելյան Հայաստանի Հանրապետություն։

Նախարարի կարծիքով` երկրի վերանվանման հարցը կարող է լուծվել Սահմանադրության բարեփոխման միջոցով։

«Հանրային քննարկումներն առավել կենտրոնացել են Հայաստանի քաղաքական և կառավարման համակարգերի փոփոխությունների վրա: Բայց, իմ կարծիքով, սահմանադրական բարեփոխումները խիստ դիտարժան և հետաքրքիր հնարավորություն են ընձեռում նաև արտաքին քաղաքական դաշտում», – գրել է Աշոտյանը Facebook–ի իր էջում։

«Մասնավորապես, ես առաջարկում եմ քննարկել մեր պետության վերանվանման հարցը, պատմական արդարության վերականգնման, հայրենատիրության և պահանջատիրության դիտանկյունից: Կարծում եմ, որ առավել ճիշտ կլիներ Հայկական բարձրավանդակի այս հատվածի վրա կառուցվող պետության անունը դնել Արևելյան Հայաստանի Հանրապետություն», – նշել է Աշոտյանը, ով ՀՀԿ–ի փոխնախագահն է։

Նախարարն ընդգծել է, որ նման առաջարկ է հնչեցրել դեռևս 2005 թվականին Ազգային Ժողովում, կրկին Սահմանադրական փոփոխությունների փաթեթի քննարկման ընթացքում` հիշեցնելով, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը մոտենում է: –0–