Երևանում «Վերածնունդ» երիտասարդական ավան կկառուցվի

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /ԱՌԿԱ/. Երևանի Կենտրոն վարչական շրջանում «Վերածնունդ» երիտասարդական ավան կկառուցվի, հինգշաբթի կառավարության նիստում ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստում որոշել է «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությանը Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից 6,57 հա մակերեսով հողատարածք հատկացնել` բնակարանային ապահովման սոցիալական և ներդրումային ծրագրի շրջանակում շինարարություն իրականացման համար: Տարածքը կվաճառվի կադաստրային գնով:
«Ներդրումային ծրագրի շրջանակում այստեղ կկառուցվի երիտասարդական ավան, որը կունենա մոտ 1000 բնակարան, հանգստի կանաչապատ գոտիներ, մանկապարտեզ և այլն», - ասաց Մարգարյանը:
Նրա խոսքով, նախատեսվում է, որ ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի 52 մլրդ դրամ: Առաջիկա 3 տարում կստեղծվի մոտ 2400 աշխատատեղ:
Ինչպես նշեց Տարոն Մարգարյանը, ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2018 թվականի ապրիլի 1-ին, իսկ ավարտը՝ 2021 թվականի հուլիսի 1-ին։ ($1 – 480,26 դրամ):-0-