Երթևեկության փոփոխություն կկատարավի Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևանի Ագաթանգեղոսի փողոցում տրանսպորտային միջոցների երթևեկության հոսքերը կարգավորելու և կուտակումներից խուսափելու նպատակով 2017 թվականի ապրիլի 29-ից Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Փոփոխության արդյունքում՝ Ագաթանգեղոսի փողոցում՝ դեպի վերոնշյալ խաչմերուկ մոտեցող երթևեկելի մասի մոտ 100 մետր երկարությամբ հատվածում հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 5-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի խաչմերուկում հետադարձ կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ՝ դեպի Արշակունյաց պողոտա երթևեկող տրանսպորտային միջոցների հոսքին:–0–