Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Գյումրիի ողբերգությունը պետք է Հայաստանին արթնացնի արտաքին քաղաքականությունը վերանայելու համար. փարձագետ

19.01.2015, 14:45
Գյումրիում կատարվածը պետք է Հայաստանին արթնացնի արտաքին քաղաքականությունը վերանայելու համար, հայտարարեց «Հանուն մարդկային կայուն զարգացման » հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը։
Գյումրիի  ողբերգությունը պետք է Հայաստանին արթնացնի արտաքին քաղաքականությունը վերանայելու համար. փարձագետ
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /ԱՌԿԱ/.Գյումրիում կատարվածը պետք է Հայաստանին արթնացնի արտաքին քաղաքականությունը վերանայելու համար, հայտարարեց «Հանուն մարդկային կայուն զարգացման » հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը։

«Լուրջ փոփոխություններ պետք է կատարվեն երկրի արտաքին քաղաքական կուրսում, աշխարհում ունեցած նրա գործելակերպում, քանի որ դրսևորվել իբրև թույլ պետություն, Հայաստանի համար պարզապես կործանարար կարող է լինել։ Դա ամենուր է դրսևորվում։Հայաստանն աշխարհին  պետք է առավել արժանապատիվ ներկայանա  և այդ ժամանակ այսպիսի երևույթները կբացառվեն»,– երկուշաբթի ասաց Դանիելյանը մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա կարծիքով, իշխանությունների դիրքորոշումը հակառուսական տրամադրությունները չշիկացնելու ուղղությամբ, սակավ տեղեկատվություն տրամադրելով, սգո օրեր չհայտարարելով  հակառակ արդյունքը տվեց և ավելի զայրացրեց ժողովրդին։

«Չի կարելի ազգի արժանապատվությունը չափել բնակչության թվակազմով և սպառազինման քանակով, դա պետք է արվի միայն քաղաքակրթության զարգացման գործում ունեցած ներդրմամբ։ Հայաստանի իշխանությունները պետք է  համապատասխան դասեր քաղեն Գյունրիի կատարվածից»,– կարծում է Դանիելյանը։

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն, իր հերթին կարծում է, որ արդեն ողբերգության առաջին օրից, երբ դեռ ոչինչ հստակ հայտնի չէր, հայկական տեղեկատվական դաշտում տարածվեցին հայտարարություններ Հայաստանում ռուսաֆոբիայի և հակառուսական տրամադրությունների անթույլատրելիության մասին, որոնք, սակայն, հակառակ արդյունքը տվեցին։ 

«Հենց այդ հայտարարությունները հատուկ մոտեցում ձևավորեցին։ Հայաստանի քաղաքական դաշտը բավականին սադրող դուրս եկավ, անիմաստ փորձ արվեց քաղաքականացնել հասարակական ցասումը և կատարված ոճրագործության նկատմամբ  արձագանքը, այդ ցասումը զսպելով ոստիկանության միջոցով»,–ասաց Խառատյանը։ 

Նրա խոսքերով, Հայաստանի իշխանություններն անկարողություն դրսևորեցին իրենց քաղաքացիների հետ երկխոսության մեջ մտնելու հարցում։

Նկարիչ Զարուհի Մուրադյանի կարծիքով Գյումրիի և ինչ որ առումով Երևանի հասարարակական բողոքը ինչ որ առումով շտկեցին իրավիճակը, քանի որ իշխանություններին ստիպեցին խնդրին ուշադրություն դարձնել և ռուսական կողմին ստիպեցին համարժեք արձագանքել կատարվածին։

Հունվարի 12–ին Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, վեց հոգանոց ընտանիք է սպանվել։ Միակ ողջ մնացածը վեց ամսական Սերյոժա Ավետիսյանն է, ով հիմա վերակենդանացման բաժանմունքում է։ Հանցագործության կատարման մեջ կասկածվում է ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, նա ձերբակալվել է երեքշաբթի և ինքնախոստովանական ցուցմունք է տվել։ -0-