Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

ԱՆ. երկրում շրջանառվող գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակի վիրուսի 12 դեպք է հայտնաբերվել 0-18 տարեկանների և հղիների շրջանում

09.12.2021, 14:37
Հղիներից 1-ը ծննդալուծվել է, այս պահին վիճակը կայուն է
ԱՆ. երկրում շրջանառվող գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակի վիրուսի 12 դեպք է հայտնաբերվել  0-18 տարեկանների և հղիների շրջանում

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Գրիպի դետքային համաճարակաբանական հսկողության շրջանակներում վերցված նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքում ներկա պահին հայտնաբերվել է Գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակի վիրուսի 12 դեպք, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

12 դեպքից 7-ը ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության արդյունքում՝ 0-18 տարեկանների, իսկ 5-ը՝ հղի կանանց շրջանում, որոնք հոսպիտալացվել են «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ում: Հղիներից 1-ը ծննդալուծվել է, այս պահին վիճակը կայուն է, 2-ը դուրս են գրվել, մյուս 2-ի վիճակը գնահատվում է բավարար։

ԱՆ–ից նշում են, որ սեզոնային գրիպի կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը պատվաստումն է, որը հասանելի է և կիրառվում է արդեն տասնյակ տարիներ:

«Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի պայմաններում հատկապես կարևորվում է սուր շնչառական վարակների, այդ թվում՝ սեզոնային գրիպի կանխարգելումը՝ նշված վարակներով միաժամանակյա հիվանդացման ռիսկերը նվազեցնելու նպատակով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:​

ԱՆ–ից հիշեցնում են, որ հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, և ռիսկի խմբի բոլոր անձինք, ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել: Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակներում՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին՝ հղիներ, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողներ, զինծառայողներ, փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ: Ազգաբնակչության այլ խմբերի համար ևս պատվաստումը հասանելի է։–0–