Հանրապետությունում սաստիկ սառնամանիքներ են սպասվում
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում սպասվում է խիստ ցածր ջերմային ֆոն։
Այսօր կեսօրից հետո տեղումները աստիճանաբար կդադարեն՝ պահպանվելով միայն Սյունիքում, Վայոց Ձորում և Արցախում:
Ինչպես Facebook–յան իր էջում տեղեկացրել է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը, aռաջիկա գիշերը կանցնի առանց տեղումների, իսկ դեկտեմբերի 16-ի ցերեկը և 17-ին կրկին կամպի, և հանրապետության առանձին շրջաններում կտեղա թույլ ձյուն:
Դեկտեմբերի 18-ից սկսած կանխատեսվում է եղանակի լիարժեք պարզեցում և մինչև դեկտեմբերի 20-ը՝ առանց տեղումների եղանակ:
Ինչպես նշում է օդերևութաբանը, եղանակի պարզեցումը, ձյան ծածկի առկայությունը, ինչպես նաև արկտիկական ցուրտ օդային հոսանքների բուռն ներհոսքն ու հզոր անտիցիկլոնի առկայությունը կնպաստեն, որ հանրապետությունում ձևավորվի խիստ ցածր ջերմային ֆոն:
Դեկտեմբերի 18-19-ին, հատկապես գիշերները, ջերմաստիճանը կնվազի ևս 8-10 աստիճանով:
Այսպիսով, դեկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը Շիրակում, Կոտայքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև -30...-35, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի նախալեռներում՝ -18...-23, Արարատյան դաշտում՝ -18...-20, Լոռիում՝ -25...-30, Տավուշում՝ -15...-20, Սյունիքի նախալեռներում՝ -20...-25, Սյունիքի հովիտներում՝ -12...-17, Արցախում՝ -13...-18 աստիճանի:
Երևանում այդ գիշեր կանխատեսվում է -18...-20 աստիճան ցուրտ։–0–