Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 12, ուրբաթ
եղանակը
Երևանում
+3

Հայաստանում վերջին տարիներին նվազել են ուռուցքային հիվանդությունների պատճառով գրանցված մահացության ցուցանիշները

18.12.2013, 18:33
Հայաստանում վերջին տարիներին նվազել են ուռուցքային հիվանդությունների պատճառով գրանցված մահացության ցուցանիշները, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանը։
Հայաստանում վերջին տարիներին նվազել են ուռուցքային հիվանդությունների պատճառով գրանցված մահացության ցուցանիշները
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Հայաստանում վերջին տարիներին նվազել են ուռուցքային հիվանդությունների պատճառով գրանցված մահացության ցուցանիշները, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանը։

Ըստ նրա, կենտրոնը դեռ չի ամփոփել 2013 թվականի արդյունքները, նախորդ տարի մահացությունը կազմել է 6.7 տոկոս` գրեթե կրկնակի նվազելով 2008 թվականի ցուցանիշից։ Հիվանդների թիվը նշված ժամանակահատվածում ավելացել է 13.4 տոկոսով, բայց 2012 թվականին 2000 թվականի համեմատ հիվանդացության մակարդակը գրեթե մեկուկես անգամ կրճատվել է։

Բազիկյանը հայտնեց, որ կենտրոնում տարեկան բուժում է ստանում մոտ 10 հազար մարդ։ 2012 թվականի տվյալներով, կենտրոնում հաշվառված է եղել երբևէ ուռուցքային հիվանդություն ունեցած մոտ 32 հազար մարդ։ «Իհարկե, վերջին տարվա ընթացքում երկրում նկատվում է հիվանդացության ցուցանիշների որոշակի աճ, բայց միաժամանակ նվազել են մահացության ցուցանիշները»,– ասաց Բազիկյանը։

Ըստ նրա, մահացության ցուցանիշների նվազումը վերջին տարիներին կապված է այդ հիվանդությունների հաջող բուժումով։ «Թեև կրճատման միտումը հիմնականում պայմանավորված է միգրացիոն գործոնով»,– հայտնեց Կենտրոնի փոխտնօրենը` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

«Կարևոր է հասկանալ, որ ուռուցքային հիվանդությունը մահապատիժ չէ։ Այսօր աշխարհում բազմաթիվ հիվանդներ բուժվել են։ Կարևորը` ժամանակին դիմել օգնության, անցնել կանոնավոր հետազոտություններ և թույլ չտալ, որ հիվանդությունը խորանա»,– նշեց բժիշկը։ Նա ավելացրեց նաև, որ բուժման արդյունքում մոտ 18 հազար հիվանդներ արդեն հինգ և ավելի տարի ապրում են։  

Նրա խոսքով, Հայաստանում առավել տարածված ուռուցքային հիվանդություններն են` թոքերի քաղցկեղը, կրծքագեղձի քաղցկեղը, շագանակագեղձի քաղցկեղը, աղիների քաղցկեղը, ստամոքսի քաղցկեղը, կանանց օրգանների քաղցկեղը։

«Հիվանդության կանխարգելման համար մենք խորհուրդ ենք տալիս 30-60 տարեկան մարդկանց գոնե տարին մեկ անգամ հետազոտվել»,– ասաց նա։ Բազիկյանը հայտնեց նաև, որ Հայաստանում հիվանդության «երիտասարդացման» միտումն այնքան էլ մեծ չէ։

Նա միաժամանակ հայտնեց, որ չնայած ոչ մեծ ֆինանսավորմանը (տարեկան պետբյուջեից հատկացվում է շուրջ 523.4 հազար դոլար)` Հայաստանում ուռուցքային հիվանդությունների բուժումը բավականին արդյունավետ և էժան է իրականացվում։

«Չեմ կարող նշել բուժման արժեքը, բայց գիտեմ, որ այդ գումարը գրեթե հարյուր անգամ ցածր է, քան Գերմանիայում, որտեղ միայն վիրահատությունն արժե մոտ 60 հազար եվրո, իսկ բուժումը` շուրջ 30 հազար եվրո»,– պարզաբանեց նա։

Նա ավելացրեց, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը Կենտրոնի հետ համատեղ ծրագրում են նաև Երևանում պետպատվերի շրջանակներում բնակչության հետազոտման պիլոտային սքրինինգային ծրագիր անցկացնել։

Բժիշկը միաժամանակ կոչ արեց կանանց չհետևել նորաձևության միտումներին և կրծքագեղձի քաղցկեղից խուսափելու համար դրա հեռացում չկատարել։ «Դա միանգամայն ավելորդ եմ համարում։ Կանանց պարզապես պետք է 30 տարեկանից հետո բուժզննում անցնել»,– ասաց Բազիկյանը։ -0-