Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 12, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Մարդ կադրի հետևում. կյանքից հեռացել է «ԱՌԿԱ» գործակալության ֆոտոթղթակից Սամվել Սեպետչյանը

31.05.2016, 18:26
Նախօրեին կյանքից հեռացավ անփոխարինելի և պրոֆեսիոնալ լուսանկարիչ, մեր գործընկեր Սամվել Սեպետչյանը, ով կարեկից և բարի անձնավորություն էր։
Մարդ կադրի հետևում. կյանքից հեռացել է «ԱՌԿԱ» գործակալության ֆոտոթղթակից Սամվել Սեպետչյանը

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. Նախօրեին կյանքից հեռացավ անփոխարինելի և պրոֆեսիոնալ լուսանկարիչ, մեր գործընկեր Սամվել Սեպետչյանը, ով կարեկից և բարի անձնավորություն էր։ 

Սամվելին գիտեին և սիրում էին լրագրողների, պատմաբանների, արվեստագետների, մշակույթի գործիչների բազմաթիվ սերունդներ։ Նա միշտ ուներ բարձր տրամադրություն, սուր հումոր, գիտեր անթիվ հետաքրքիր պատմություններ։ 

1976 թ.–ից Սամվելը աշխատել է որպես ձայնային ռեժիսոր և ռադիստ «Հայպետէստրադայում» և «Հայհամերգում», ավագ ինժեներ` Բյուրականի աստղաֆիզիկական լաբորատորիայում, լուսանկարիչ` Հուշարձանների պահպանության գլխավոր վարչությունում, «Սարդարապատ» թանգարանային համալիրում։

«ԱՌԿԱ» գործակալությունում Սամվել Սեպետչյանն աշխատել է ավելի քան 11 տարի։ Սամվելի հետ աշխատած բոլոր մարդիկ գիտեին, որ նա իր աշխատանքը միշտ կատարում էր պրոֆեսիոնալ մակարդակով` կատակելով և պատմելով «կենդանի» պատմություններ հայտնի մարդկանց մասին։ Սամվելին կարելի էր դիմել ցանկացած հարցով։

Սամվելը մինչև վերջ երիտասարդ էր մնում։ Չնայած պատկառելի տարիքին, նա նախանձելի ոգևորությամբ շտապում էր այս կամ այն հետաքրքիր իրադարձությունների նկարահանումներին, գործուղվում մարզեր, լուսանկարում տարատեսակ մշակութային, պատմական, քաղաքական և մարզական միջոցառումներ։ Նա միշտ առույգ էր, երբեք չէր բողոքում առողջական վիճակից կամ կենսական խնդիրներից։ 

Օրերս` մայիսի 28–ին, Սամվելը վերջին անգամ գործուղվեց Սարդարապատ, որտեղ նշում էին Առաջին հանրապետության օրը։ Երկուշաբթի նա սովորականի պես պատրաստվում էր գալ աշխատանքի, սակայն այդպես էլ չեկավ...

Մենք` Սամվելի գործընկերները, մինչև հիմա չենք հավատում, որ Սամվելն այլևս մեզ հետ չէ։ Թվում է, թե նա հիմա կբացի դուռը, կմտնի և ժպտալով կսկսի պատմել հերթական պատմությունը, որը պատահել է իր հեթ միգուցե վաղուց, սակայն նա հիշել և որոշել է պատմել այն հենց հիմա։

Սամվելի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում... 

Սամվել Սեպետչյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 1–ին, ժամը 18։00–ին Ավան, 14 փողոց,  33/1 տուն հասցեով, հուղարկավորությունը` հունիսի 2–ին, ժամը 13։00–ին։ –0–