Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
-1

Օրեր առաջ Հայաստանում մոլեգնած քամու հետևանքով հիմնականում վնասվել են մայրաքաղաքի շինությունները. ԱԻՆ

26.05.2016, 16:08
Երկուշաբթի Հայաստանի մի շարք բնակավայրերում մոլեգնած ուժեղ քամուց հիմնականում վնասվել են մայրաքաղաքի շինությունները և ենթակառուցվածքները։
Օրեր առաջ Հայաստանում մոլեգնած քամու հետևանքով հիմնականում վնասվել են մայրաքաղաքի շինությունները. ԱԻՆ

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. Երկուշաբթի Հայաստանի մի շարք բնակավայրերում մոլեգնած ուժեղ քամուց հիմնականում վնասվել են մայրաքաղաքի շինությունները և ենթակառուցվածքները, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ղեկավար Հովհաննես Խանգելդյանը: 

Մայիսի 23-ին հորդառատ անձրևով ուղեկցվող ուժեղ քամին Երևանում և մի շարք շրջաններում պոկել է շենքերի տանիքներ, տապալել և արմատախիլ է արել ծառեր` ճանապարհներին խցանումներ առաջացնելով: Վնասվել են էլեկտրալարեր և գազատար խողովակներ, իսկ որոշ համայնքներում վնաս է հասցվել ցանքատարածքներին և պտղատու այգիներին:

«ԱԻՆ-ը ստացել է 575 ահազանգ` կապված տարածքների և ենթակառուցվածքների տարատեսակ վնասվածքների հետ, որոնցից 475-ը` Երևանում, այսինքն` հիմնական վնասը հասցվել է հենց մայրաքաղաքին», - ավելացրեց Խանգելդյանը:

Նա ընդգծեց, որ մայրաքաղաքում գրանցվել է շինությունների և շենքերի վնասման 280 դեպք, ինչպես նաև ծառերի, էլեկտրասյուների, գովազդային վահանակների տապալման 137 դեպք: Ամենից շատ տուժել է Շենգավիթ համայնքը (107 դեպք), 87 միջադեպ գրանցվել է Կենտրոնում, 62` Էրեբունիում, 60` Արաբկիրում, 57` Մալաթիա-Սեբաստիայում:

Խանգելդյանը նշեց, որ համակարգված աշխատանքի շնորհիվ էլեկտրամատակարարումը վերականգնվել է շատ սեղմ ժամկետում։

Նա ավելացրեց, որ քաղաքացիները ևս ակտիվ մասնակցել են վնասների հետևանքները վերացնելու գործին: Նա ընդգծեց, որ ուժեղ քամու հետևանքով տուժել է մեկ մարդ:

«Ուժեղ քամիները նորմալ երևույթ են այս սեզոնի համար: Մարտից մինչև հունիս գրանցվում է քամու արագության ավելացում: Խնդիրն այն է, որ մեր բնակիչները հաշվի չեն առնում այդ գործոնը», - նշեց նա: -0-