Քաղաքացու օրվա տոնախմբության կազմակերպմանը կհատկացվի 255 հազար դոլար
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում որոշել է հատկացնել վարչապետի աշխատակազմին 124 մլն դրամ (մոտ 255,6 հազար դոլար), որոք կուղղվեն Քաղաքացու օրվա միջոցառումները կազմակերպելու վրա:
ՀՀ ազգային ժողովն ապրիլի 9-ի արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ քվեարկել է «Տոնական և հիշարժան օրերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ ներառելու մասին, ըստ որի նոր տոն է սահմանվում` Քաղաքացու օր:
Այս տարի այն կնշվի ապրիլի 27–ին։
Լրացումների անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանում 2018 թ.-ի ապրիլին տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրադարձություններով և հետևած «թավշյա հեղափոխությամբ»:
Հանրապետությունում 2018 թ.-ի ապրիլի13-ից անցկացվող բողոքի զանգվածային ակցիաների ֆոնին ապրիլի 23-ին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց հրաժարականի մասին: Նույն օրը նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը: -0-