Ավինյանն արդարացված է համարում տրանսպորտից օգտվելիս միայն QR-ի և 100 դրամանոցի կիրառումը
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Փորձնական ժամանակահատածում երկու ամիս շուտ որոշ չափով սահմանափակումներ մտցնելը և նոր մեթոդների կիրառելն էականորեն արդարացրել են իրեն, դա միանշանակ է, ասաց Ավինյանն՝ անդրադառնալով նոյեմբերի 1–ից Երևանում տրանսպորտից օգտվելիս միայն QR-ի և 100 դրամանոցի կիրառմանը։
«Փաստացի տեսանք դա, մասնավորապես, շաբաթ–կիրակի օրերին։ Ես անկեղծ ասած դա կանխատեսում էի, չնայած որոշ գործընկերներ չէին համաձայնում ինձ հետ, բայց ես կանխատեսում էի», – ասաց Ավինյանն այսօր քաղաքապետարանում կազմակերպված գործակարգավարական խորհրդակցության ընթացքում։
Նա կարծում է, որ այս աշխատանքը պետք է շարունակվի։
«Ամբողջական անցումը մինչև դեկտեմբերի վերջ պետք է ապահովել, ամբողջական անցում ասելով՝ հընթացս նոր վճարման մեթոդներ են առաջանալու, և մենք պարբերաբար կքննարկենք, միգուցե մեր քաղաքականության մեջ նույնպես կրկին նոր փոփոխություններ անենք, ինչպես արեցինք նոյեմբերի 1–ից», – ասաց Ավինյանը։