Շփման գծում վիրավորված զինծառայողները կտեղափոխվեն Երևան
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. Շփման գծում վիրավորված զինծառայողների վիճակի մեջ դրական տեղաշարժ չկա։
Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին «Մուրացան» հոսպիտալից, վիրավորում ստացած զինծառայողներն այսօր երեկոյան կտեղափոխվեն Երևան։
Հիշեցնենք, որ հակառակորդըն հուլիսի 7–ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով ինչպես հրաձգային զինատեսակներ, այնպես էլ Դ-30 և Դ-44 տիպի հրանոթներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր:
Ադրբեջանական զինուժի արկակոծության հետևանքով տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) և Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.):
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերն իրականացրել են պատասխան գործողություններ:
Ինչպես հաղորդում է armtimes.com–ը` հղում անելով Ստեփանակերտի զինվորական հոսպիտալին, գլխի շրջանում վիրավորում ստացած զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մյուս զինծառայողի մոտ, որի առողջական վիճակը ևս ծանր է, դրական տեղաշարժ չկա: Ոտքի շրջանից վիրավորում ստացած 3-րդ զինծառայողի վիճակում էլ փոփոխություն չկա։–0–