Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+6

Տուլայի ՃՏՊ–ի հետևանքով տուժածներից մեկի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր. ԱՆ

16.11.2015, 16:32
Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած` Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում բուժում ստացող երկու հիվանդներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր
Տուլայի ՃՏՊ–ի հետևանքով տուժածներից մեկի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր. ԱՆ
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած` Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում բուժում ստացող երկու հիվանդներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, հաղորդում է newsarmenia.am_ը հղում անելով  ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությանը։

Ըստ հաղորդագրության` տուժածներից մյուսը բուժում է ստանում Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքում: Բուժումն իրականացվում է ամբողջ ծավալով։

«Տուժածներից երկուսի բուժումը շարունակվում է Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցից դուրս գրված և Հայաստան տեղափոխված երկու հիվանդներից մեկը բուժումը շարունակում է ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, մյուսը առողջացումով տուն է վերադարձել:

Այժմ քննարկվում է Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքում բուժում ստացող հիվանդի` Երևան տեղափոխելու հարցը:

Նոյեմբերի 3–ի լույս գիշերը Մոսկվա–Երևան ուղևորվող ավտոբուսը կողաշրջվել է Տուլայի մարզի Ուզլովայա շրջանում։ «Կինգ Դելյուքս» ՍՊԸ-ին պատկանող ավտոբուսում եղել է 63 մարդ: Վթարի հետևանքով զոհվել է 9 մարդ։ Ավտոբուսի վարորդի նկատմամբ հարուցվել է քրեական գործ «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, որն անզգուշությամբ հանգեցրել է երկու կամ ավել անձանց մահվան» հոդվածի հատկանիշներով, նա ձերբակալվել է։ –0–