Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում սիրիահայ հայրենակիցներին պոլիոմիելիտի դեմ պարտադիր պատվաստում ստանալ

30.10.2013, 12:37
ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում Սիրիայից Հայաստան ժամանած հայրենակիցներին պոլիոմիելիտի դեմ պարտադիր պատվաստում ստանալ, նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում սիրիահայ հայրենակիցներին պոլիոմիելիտի դեմ պարտադիր պատվաստում ստանալ
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում Սիրիայից Հայաստան ժամանած հայրենակիցներին պոլիոմիելիտի դեմ պարտադիր պատվաստում ստանալ, նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեղեկատվության համաձայն` Սիրիայի Դեր-ալ–Զոր նահանգում գրանցվել են պոլիոմիելիտի կասկածով խմբակային հիվանդացման դեպքեր: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում երկուսի մոտ հնարավոր է հաստատվի «վայրի» պոլիովիրուսի առկայություն: Դեպքերի մեծամասնությունը մինչև երկու տարեկան երեխաներ են, որոնց մոտ առկա է սուր թորշոմած կաթվածահարություն` պոլիոմիելիտի ախտանշաններից մեկը: Սիրիայի արևելյան նահանգում մինչև հինգ տարեկան ավելի քան 100000 երեխա պոլիովիրուսներով  վարակվելու ռիսկ ունեն:

«Հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից երկրներին ուղղված արագ արձագանքման կոչը, ինչպես նաև սիրիահայ մեր հայրենակիցների ներգաղթը Հայաստանի Հանրապետություն, երկրում պոլիոմիելիտի ներկրումը և հետագա տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ  առողջապահության նախարարությունը հորդորում է վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներգաղթած մինչև 15 տարեկան սիրիահայ մեր հայրենակիցներին դիմել բնակության վայրի ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններին հիվանդության վաղաժամ հայտնաբերման, պոլիոմիելիտի դեմ անվճար պատվաստումներ և խորհրդատվություն ստանալու համար», – նշվում է հաղորդագրության մեջ։

Պոլիոմիելիտը կայուն հաշմանդամություն առաջացնող անբուժելի հիվանդություն է: Այն կարող է կանխարգելվել միայն պատվաստումների միջոցով: Պոլիովիրուսն ախտահարում է նյարդային համակարգը` ժամերի ընթացքում առաջացնելով կաթվածահարություն: Հիվանդությունը համարվում է էնդեմիկ Նիգերիայում, Պակիստանում և Աֆղանստանում, սակայն եզակի դեպքեր հանդիպում են նաև այլ երկրներում:

Այս կապակցությամբ Սիրիայի հարևան երկրներում պլանավորվում է իրականացնել պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստումների կամպանիա` հիմնական ուշադրությունը դարձնելով փախստականներին:

Պոլիոմիելիտը մանկական ողնուղեղային կաթված է, պոլիովիրուսն ախտահարում է ողնուղեղի գորշ նյութը։ Հիվանդությունը հիմնականում ընթանում է առանց ախտանշանների, սակայն երբեմն պատահում է այնպես, որ պոլիովիրուսը ներթափանցում է կենտրոնական նյարդային համակարգ, ինչը հանգեցնում է կաթվածի կամ անգամ մահվան։ Պոլիոմելիտն անբուժելի ինֆեկցիոն հիվանդություն է։ Վիրուսը հիմնականում ախտահարում է մինչև հինգ տարեկան երեխաներին։ Մեծահասակների համար այն հիմնականում անվտանգ է։–0–